Չեխիան չի՞ արտահանձնի Նարեկ Սարգսյանին
Հայաստանը պաշտոնապես իր չեխ գործընկերներից որևէ որոշման մասին տեղեկություն չի ստացել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Չեխիան չի արտահանձնելու Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին:
Դատախազը այդ լուրերը ասեկոսե որակեց.
«Մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ որոշում չենք ստացել` ո՛չ բավարարման, ո՛չ մերժման», - հավաստիացրեց Դավթյանը:
Հիշեցնենք, հունիսի 18-ին Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը նշել էր, որ իր տեղեկություններով, Չեխիայի արդարադատության նախարարն իր եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել:
Ավելի վաղ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Դատախազությունը նաև նշել էր, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է: