24.11.2024
Կոնգրեսը հաստատեց ՀՀ-ին 40 մլն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը
prev Նախորդ նորություն

Նարիշկինի մեսիջը. ՀՀ-ում հեղափոխությունը չպետք է տրանսֆորմացվի հակառուսական Մայդանի

Պետության և ազգին պատկանելիությունը, ընտանիքի ու կրոնի արժեքներն այսօր հետին պլան են մղվում հանուն աբստրակտ անձնական ազատության, ինչի համար աշխատում է մի ամբողջ բանակ՝ ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ, առանձին անհատներ, ինչպիսին է Ջորջ Սորոսը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:


Նարիշկինը նաև անդրադարձել է գունավոր հեղափոխության թեմային և նշել, որ սկզբից որևէ պետությունում ցանցային սկզբունքով ստեղծվում են ինքնավար հասարակական, գիտական և այլ խմբեր: Նրանք ինֆորմացիա են հավաքում երկրում տիրող խնդիրների, միջկլանային հակասությունների, սուր տնտեսական հարցերի մասին: Անհրաժեշտության դեպքում այդ խմբերն ազդում են երկրի իրավիճակի վրա և ապակառուցողական գործողությունների են դիմում, ինչի հետևանքով հին համակարգը տապալվում է և իշխանության է գալիս նոր համակարգ:


Ռուսաստանի հետախուզության պետը նկարագրում է այն սցենարները, որոնք տեղի են ունենում հետխորհրդային տարածքում, այդ թվում ՝ Ուկրաինայում և Վրաստանում, որտեղ ԱՄՆ-ի հետախուզության և տարբեր ՀԿ-ների, այդ թվում Սորոսի հիմնադրամի գումարներով, իրականացվել են գունավոր հեղափոխություններ և իշխանության են եկել հակառուսական ուժեր, որոնք Կիևի և Թբիլիսիի արտաքին քաղաքական ուղենիշները 180 աստիճանով շրջել են դեպի Արևմուտք՝ ԱՄՆ-ն, ԵՄ և ՆԱՏՕ:


Եթե պրոյեկտենք Նարիշկինի թեզիսները ՀՀ-ում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխության վրա, ապա տարիների ընթացքում Սորոսի և այլ գրանտային կազմակերպությունների գումարներով ՀՀ-ում ստեղծվել են հարյուրավոր ՀԿ-ներ, որոնք զբաղվում էին հասարակական-քաղաքական հարցերի մոնիթորինգով՝ ձևավորելով ցանցային սկզբունքով աշխատող թիմեր:


Թավշյա հեղափոխությանը նախորդած օրերին այդ խմբերն օգտագործելով ժողովրդական դժգոհությունը՝ կապված Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետ ընտրվելու հետ, սկսեցին գունավոր հեղափոխության սցենարի իրականացում, սակայն մեկ տարբերությամբ:


Թավշյա հեղափոխության օրերին չհնչեցին հակառուսական կոչեր՝ դա նույնպես մտածված էր, որպեսզի Մոսկվայի մոտ կասկածներ չառաջանային, որ դա ուկրաինական Մայդանի կրկնությունն է արդեն ՀՀ-ում: Հեղափոխության արդյունքում հին համակարգը տապալվեց, նոր համակարգի կազմում իշխանության եկան այդ թվում Սորոսի հիմնադրամի հետ սերտորեն կապված ուժեր, որոնց թվում քիչ չէին նախկինում ռուսաֆոբ հայտարարություններով հանդես եկող արևմտամետ գործիչներ:


Այս պահին Նիկոլ Փաշինյանը թե՛ հայ հասարակության, թե՛ ՌԴ-ին, որպես ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական գործընկերոջ, պետք է ապացուցի մեկ բան, որ ինքը չի իրականացնելու Սորոսի և գլոբալիստների այն ծրագրերը, որոնք միտված են ազգային արժեքների վերացմանը, եկեղեցու դեմ պայքարին, այդ թվում և ԼԳԲՏ համայնքի շահերի առաջխաղացմանը ՀՀ-ում, ՌԴ-ՀՀ հարաբերություններում սեպ խրելը:


Փաշինյանը պետք է իրական գործողություններով ցույց տա, որ ՀՀ-ում թավշյա հեղափոխությունը հակառուսական մայդան չէ՝ Սորոսի և արևմտյան ՀԿ-ների գումարներով ու թիմի ակտիվիստներով կազմակերպված ԱՄՆ-ի հետախուզության, դեսպանատան կողմից:


ՌԴ-ն շատ սուր է ընկալելու ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների աճը կամ ՀՀ-ի արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը դեպի Արևմուտք: Դա ՀՀ-ի համար ունենալու է տնտեսական, ռազմա-քաղաքական, անվտանգային, գեոպոլիտիկ հետևանքներ:


Թավշյա հեղափոխությունն արդեն անցյալում է՝ անկախ այն հանգամանքից, թե տեխնիկապես, որ ուժերն են դա կազմակերպել: Փաշինյանը պետք է ամրապնդի ՌԴ-ի հետ կապերը՝ հնարավորինս թարմացնելով իր թիմը, այդ թվում ազատվելով սորոսական կադրերից ու կյանքի կոչի տնտեսական հեղափոխությունը՝ ներգրավելով ՌԴ-ի հայ գործարարների գումարները:


Ռուսաստանի կապիտալով տնտեսական հեղափոխության կյանքի կոչումը կբարելավի թե՛ հայ-ռուսական հարաբերությունները, թե՛ Մոսկվայի կողմից Փաշինյանին ընկալելը, որպես յուրային: Հակառակ պարագայում անվստահության մթնոլորտում ռուսական ներդրումները չեն գալու, իսկ Արևմուտքը խոստումներից բացի այլ քայլերի չի դիմում՝ պահանջելով ՀՀ-ից տարբեր փոքրամասնությունների շահերի պաշտպանություն, որոնց գաղափարները հակասում են ազգային արժեհամակարգին ու չեն ընդունվելու հայ պահպանողական հասարակության կողմից: