Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ը կկապի Չինաստանի հետ
Ադրբեջանը, Վրաստանն ու Ուկրաինան ցանկանում են ստեղծել համատեղ երկաթգծային ուղղություն, որը կապելու է Եվրոպան ու Չինաստանը: Կողմերը ցանկանում են բացել այդ ուղղությունն արդեն 2020թ.-ին:
Կիևն ու Բաքուն տարիներ շարունակ ռազմավարական գործընկեր են ու կազմում են էներգետիկ-տրանսպորտային տանդեմ։ Ադրբեջանն արդեն պատրաստ է ընդունել Ուկրաինայից դեպի Կենտրոնական Ասիա ուղղվող բեռների ամբողջ հոսքը: Վրաստանն այս դեպքում իր սևծովյան նավահանգիստներով ու Թբիլիսի-Բաքու երկաթծով դառնում է կարևոր տարանցիկ միջանցք:
Ուկրաինան նախորդ տարի Ադրբեջանին է փոխանցել Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու առաջարկը: Այդ առաջարկն առավել մեծ հետաքրքրություն է ստանում ռուս-ուկրաինական հարաբերությունների հետագա սրման և Կիևը՝ ՌԴ-ից վերջնականապես հեռացնելու ԱՄՆ-ի ռազմավարության տեսանկյունից: Այժմ էլ կողմերը ցանկանում են չինական ապրանքները տարանցել ու ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) փոխկապակցել Չինաստանի Մետաքսի ճանապարհի հետ:
Չմոռանանք, որ Ադրբեջանը Չինաստանի ու Վրաստանի հետ իրականացնում է նաև Տրանսկասպյան միջանցք կոչվող տրանսպորտային նախագիծը՝ կապող օղակ դառնալով Կասպից ծովի երկու ափերի ու Կովկասի միջև:
Ուկրաինան, ունենալով լուրջ խնդիրներ ՌԴ-ի հետ, ցանկանում է գտնել ռուսական գազից ու նավթից կախվածության թուլացման ուղիներ և Ադրբեջանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, որը թույլ կտա Կիևին Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ մերձկասպյան էներգակիրներով հարուստ երկրներ՝ Ղազախստան, Թուրքմենստան, ինչպես նաև Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործել իրանական նավթն ու գազը ստանալու համար:
Ուկրաինան ու Ադրբեջանը միևնույն հակառուսական ուղղվածություն ունեցող ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են: Ադրբեջանն էլ հետաքրքրված է Ուկրաինայով, որպես սպառման մեծ շուկայի, այդ թվում` իր նավթի ու գազի համար, որն Ուկրաինա է արտահանվում վրացական սևծովյան նավահանգստյան հզորություններով:
SOCAR-ը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում իր լցակայաններով, իսկ Ուկրաինայում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ուկրաինացի վարձկանները կռվում էին Ադրբեջանի զինված ուժերի շարքերում ընդդեմ Արցախի՝ նրանք հիմնականում օդաչուներ էին ու դիպուկահարներ:
Կիևը ցանկանում է ունենալ կասպյան տարածաշրջանի հարուստ նավթագազային շրջաններ դուրս գալու տրանսպորտային միջանցքներ՝ Մոսկվայից գազային կախվածությունը նվազեցնելու համար: Այդ տեսանկյունից ադրբեջանա-ուկրաինական էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կառուցումը ունի իրական հեռանկարներ:
Չինաստանի համար էլ կարևոր է ունենալ հետխոհրդային տարածքում՝ ՌԴ-ից անկախ, լոգիստիկ հզորություններ ու չինական տնտեսական էքսպանսիան իրականացնել նաև Կենտրոնական Ասիայի-Կովկաս-Ուկրաինա ուղղությամբ: