Թուրքիան անսպասելի ազատ է արձակել ահաբեկչության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացուն
Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի անսպասելի ազատ են արձակել ՆԱՍԱ-ի նախկին աշխատակից, ԱՄՆ թուրքական ծագմամբ քաղաքացի Սերքան Գյոլգեին։ Երեք տարի առաջ Գյոլգեին ձերբակալել էին ահաբեկչության մեղադրանքով:
Սերքան Գյոլգեի կնոջ խոսքով՝ գիտնականը «ցնցված» էր, երբ նրան թույլատրել են հեռանալ երկրից եւ ուղեւորվել տուն ծնողների մոտ, որոնք ապրում են Թուրքիայի հարավային Հաթայ քաղաքում։ Սերքանին ազատ են արձակել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույցից հետո։ Սպիտակ տան հաղորդագրությունում Գյոլգեի անունը չի նշվում։
«Ես չեմ ցանկանում կռահումներ անել թուրքական իշխանությունների մտադրությունների վերաբերյալ, բայց ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց, որ ճիշտ վարվեցին՝ ազատելով նրան այսօր»,- ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը։ Նա Գոլգեի ազատումը «լավ լուր» է անվանել։