25.11.2024
Քոչարյանի և մյուսների գործով դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է
prev Նախորդ նորություն

Փաշինյանն Արցախը չպետք է վերածի իր ներքին քաղաքականության գործիքի

Եթե որևէ մեկը ժողովորդական հեղափոխությանը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որևէ հակազգային ու հակապետական դավադրության մեջ, մենք մեզ իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա գործակալներ լինելու մեջ: Էլ չեմ ասում ավելին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանը ներքաղաքական պայքարում զգալով նոր բևեռների ձևավորման իրական վտանգն ու իր վարկանիշի արագ անկումը՝ փորձում է կրկին անգամ ակտիվացնել ՀՀ ներքաղաքական դիսկուրսում Արցախի թեման:


Նախկին իշխանություններն ու Փաշինյանի կառավարության խիստ քննադատությամբ հանդես եկող քաղաքական ուժերը ՀՀ նոր կառավարությանը մեղադրում են ղարաբաղյան հարցում պարտվողական դիրքորոշման ու հստակ ռազմավարության բացակայության մեջ: Արցախի հարցում պարտվողական դիրքորոշումը կրկին դառնում է ՀՀ-ում իշխանափոխության կամ իշխանության վերադառնալու լեյտմոտիվներից մեկը, այսինքն, այն ուժերն, ովքեր ղարաբաղյան պատերազմում անհաջողության մատնվեն՝ տապալվելու են:


Փաշինյանն Արցախում նոր պարերազմի դեպքում իր հերթին ամբողջ մեղքը պատրաստվում է բարդել դավադիր, հակահեղափոխական ուժերի՝ նախկին իշխանությունների վրա, ովքեր Արցախում պատերազմ հրահրելով փորձում են հասնել Երևանում Փաշինյանի իշխանության տապալմանը: Այս հայտարությունը չափից դուրս վտանգավոր է, քանի որ քարթ-բլանշ է տալիս Բաքվին սկսելու պատերազմ և հայտարարելու, որ սա ՀՀ-Արցախ ներքաղաքական հակասությունների՝ հայաստանցիների ու, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի հակասությունների արդյունք է: Ադրբեջանը պատերազմ սկսելով, ամբողջ պատասխանատվությունը բարդելու է հայկական կողմերի վրա, իսկ այս պարագայում տուժելու են ոչ թե ինչ-որ քաղաքական խմբեր, այլև ամբողջ հայ ժողովուրդն ու ՀՀ-ն ու Արցախը միասին վերցրած:


Ներքաղաքական դիսկուրսում Արցախը վաճառելու, հանձնելու մասին արհեստական խոսակցությունները պետք է դադարեն, քանի որ դա միայն հրահրում է Բաքվին սկսելու պատերազմ: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ միջազգային հանրությունը սկսելու է վերլուծել, թե արդյո՞ք հայկական կողմերը, ելնելով ներքաղաքական հակասություններից, դրդեցին Արդրբեջանին անցնել գրոհի, թե՞ դա Բաքվի նախաձեռնությունն է՝ սխալվում են:


Պատերազմական վիճակում ամենակարևորը միջազգային հանրության համար լինելու են գերտերությունների  տնտեսական և գեոպոլիտիկ շահերը Հարավային Կովկասում:


Այս պարագայում հանուն իշխանության պահպանման՝ խոսքը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մասին է, չի կարելի Արցախի իշխանություններին կամ ՀՀ նախկին իշխանություններին մեղադրել Ադրբեջանին հարձակվելու շանս տալու համար:


Նույնը վերաբերվում է նաև ՀՀ նախկին իշխանություններին ու այսպես կոչված հակափաշինյանական ճամբարին՝ ներթիմային շահերի համար առանց որևէ հստակ փաստերի չի կարելի մեղադրել գործող իշխանություններին Արցախը հանձնելու մեջ:


Արցախի հարցը պետք է միշտ մնա այն կարմիր գիծը, որը չի կարելի անցնել՝ համազգային միասնականությունը միայն կարող է օգնել Ադրբեջանի հետ մոտակա պատերազմում: