Կազիմիրովը զինադադարի կնքման պահին վստահ չէր, որ այն երկար կյանք կունենա. Զուրաբյան
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ, 1994֊1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Զուրաբյանը Facebook-ի իր էջում գրում է, որ Կազիմիրովը ջերմորեն շնորհավորել է ղարաբաղյան հակամարտության զինադադարի 25֊ամյակի կապակցությամբ և խնդրել իր ամենաջերմ մաղթանքները եւ շնորհավորանքները փոխանցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանին։
"Վերհիշեցինք դեպի զինադադար անցած ծանր ճանապարհը։ Անկեղծ խոստովանեց, որ զինադադարի կնքման պահին վստահ չէր, որ այն երեք ամսվանից երկար կյանք կունենա, բայց հիմա համարում է այն պատմական իրադարձություն, որ փրկեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը եւ Լեռնային Ղարաբաղին հաստատեց որպես հակամարտության եւ բանակցությունների լիիրավ կողմ։ Խոսեցինք նաեւ այսօրվա ընթացքի մասին։
Կազիմիրովին հարգում եմ որպես ծանրակշիռ դիվանագետի, որը մեծ աշխատանք կատարեց զինադադարի իրականացման եւ խաղաղության համար։Նա այսօր էլ շատ լուրջ դեր է կատարում ադրբեջանական պրոպագանդայի կեղծիքները բացահայտելու գործում",- գրել է Լևոն Զուրաբյանը։