Ադրբեջանի տարածքում մայիսի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները անցկացվում են մարտական հրաձգությամբ:
Զորավարժությունների նպատակն է համակարգել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը:
Համատեղ զորավարժություններում երկու երկրների բանակներից ներգրավված են զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ռազմական ու քաղաքացիական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
Թուրքիան ադրբեջանական տարածքն օգտագործում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում ամրապնդելու համար: Չմոռանանք, որ Թուրքիայի համար Հարավային Կովկասն ու Կասպյան տարածաշրջանը կենսական շահերի տարածք է: Թուրքիայի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող նավթագազամուղերն ու տրանսպորտային լոգիստիկան անցնում են այս տարածաշրջանով՝ Ադրբեջան-Վրաստան ուղղությամբ, որն էլ Անկարայի համար կարևորում է Ադրբեջանի տարածքը որպես պլացդարմ թուրքական ազդեցության էքսպանսիայի համար:
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները յուրօրինակ պատասխան և մեսիջ են Մոսկվային ու Երևանին՝ հայ-ռուսական համատեղ զորախմբի վերջերս կայացած զորավարժություններին:
Նշենք, որ ապրիլի 1-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել էր հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն:
Զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:
Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ամրապնդել կապերը մի շարք՝ էներգետիկ-տրանսպորտային, տնտեսական և ռազմական ոլորտներում:
Ադրբեջանի համար Թուրքիայի ռազմա-արդյունաբերական համալիրն այլընտրանք է ռուսական և իսրայելական զենքերին: Բաքուն բազմաթիվ զինատեսակներ է գնում Թուրքիայից՝ ապագայում թուրքական արտադրության Ալթայ տանկերը, Անկա անօդաչուներն և այլ զինատեսակներ կարող են տեղ գտնել ադրբեջանական բանակում: Անկարայի համար Բաքուն նաև սպառման լավ շուկա է սեփական ռազմական արտադրանքի համար:
Բացի տեղեկատվական և հոգեբանական գործոնը ՀՀ-ի ու Արցախի դեմ, Բաքուն ցանկանում է օգտագործել ՆԱՏՕ-ական Թուրքիայի ռազմական փորձն ու համատեղ զորավարժությունների ընթացքում բարձրացնել սեփական բանակի մարտունակությունը:
Չնայած ռուս-թուրքական հարաբերությունների սերտացմանը ռազմական, էներգետիկ, տնտեսական ոլորտներում, Հարավային Կովկասում սուր մրցակցությունն է Մոսկվայի ու Անկարայի միջև, որտեղ ՌԴ-ն հենվում է իր ռազմավարական դաշնակից ՀՀ-ի վրա, իսկ Թուրքիան՝ փոքր եղբայր Ադրբեջանի:
Հարավային Կովկասը Ղարաբաղում հնարավոր պատերազմի դեպքում կարող է վերածվել Թուրքիա-ՌԴ proxy war-ի՝ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի մասնակցությամբ: