ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն պայքարում են հեղափոխությունից հիասթափված էլեկտորատի համար
ԲՀԿ-ն ու ԼՀԿ ԱԺ-ում հանդես են գալիս «Իմ քայլի» կոշտ քննադատությամբ՝ շեշտադրելով տնտեսական ծրագրերի բացակայությունը, սոցիալական վիճակի վատթարացումը:
ԲՀԿ-ն ու ԼՀԿ, որոնք թավշյա հեղափոխության ժամանակ հանդես են եկել հեղափոխության պաշտպանության դիրքերից և ողջունել են Նիկոլ Փաշինյանի ընտրվելը ՀՀ վարչապետի պաշտոնում, այժմ սկսել են հանդես գալ Փաշինյանի կառավարության և նրանց վարած քաղաքականության քննադատությամբ՝ հիմնական շեշտը դնելով սոցիալ-տնտեսական խնդիրների վրա:
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հետ միայն մարտավարական դաշինք էին կազմել թավշյա հեղափոխության օրերին, որպեսզի նպաստեն Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացմանը: Թավշյա հեղափոխությունից հետո այդ ուժերն ողջունեցին Փաշինյանին, որպեսզի հայտնվելով հեղափոխականների ճամբարում, կարողանան ընտրություններին ավելի դյուրին կերպով հայտնվել ԱԺ-ում՝ զբաղեցնելով այն մեծ վակուումը, որն առաջացել էր ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելուց հետո:
Այժմ, երբ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ներկա են ԱԺ-ում, նրանք հանդես են գալիս որպես խորհրդարանական ընդդիմադիր ուժեր և քննադատում են Նիկոլ Փաշինյանին՝ ելնելով երկրում առկա օբյեկտիվ բազմաթիվ տնտեսական խնդիրներից ու չլուծվող սոցիալական հարցերից: Այդ կերպ նրանք մաշեցնում են Նիկոլ Փաշինյանի ու «Իմ քայլի» վարկանիշը, ամրապնդելով իրենց դիրքն ու համալրելով իրենց էլեկտորատը Փաշինյանից ու նոր կառավարությունից հիասթափվածների շարքերից:
Եթե ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ավելի կոշտ կեցվածք ենք ընդունել ԱԺ-ում, ապա ՀՀԿ-ն ու արտախորհրդարանական այլ ուժեր քննադատում են Փաշինյանին ԱԺ-ից դուրս՝ այդ կերպ փորձելով վարչապետի դեմ նոր բևեռ ձևավորել: Էյֆորիայից հետո մարդկանց չբավարարված պահանջները նպաստում են դժգոհողների թվի ավելացմանն ու ԱԺ-ից դուրս գտնվող տարբեր ուժեր փորձելու են պայքարել այդ էլեկտորատի համար:
Ֆորս-մաժորային իրավիճակներում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում «Իմ քայլն» արդեն չի կարողանալու հավաքել այնքան ձայներ, ինչքան հեղափոխական էյֆորիայի պայմաններում: Եթե ներքաղաքական գործընթացներն ընթանան բնականոն հունով և ԱԺ հաջորդ ընտրությունները կայանան 5 տարի անց, ապա ԱԺ-ում տեղ են գտնելու այլ ուժեր: «Իմ քայլը» կտրուկ նվազեցնելու է իր ներկայությունը, նրանց փոխարեն ԱԺ-ում կարող են հայտնվել թե՛ ազգային-պահպանողական թևի կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, թե՛ նոր կուսակցություններ, որոնք այժմ ստեղծվում են և փորձում են քաղաքական հայտ ներկայացնել ապագա ԱԺ ընտրություններում: