Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:
Հարցին, թե ծանո՞թ է Վահան Շիրխանյանի՝ Քոչարյանին ուղղված նամակին, Բաբայանը պատասխանեց. «Անկեղծ չեմ ընթերցել, Մեղրիի հետ կապված հարց են տվել ինձ, ես պատասխանել եմ: Մեղրին 49 կիլոմետր հատվածով Ղարաբաղի հսկողության ներքո է: Ինչպես իրենք են ասում՝ բանակցություններ էր գնում, որ Մեղրին այդ 49 կիլոմետրը հանձնեն, ես էլ այնտեղ հրամանատար, առանց ի՞նձ էին կարողանալու հանձնել: Ինձ հետ որեւէ հարց չի քննարկվել: Ինձ համար մեծ հաշվով հետաքրքիր էլ՝ չի ինչ են խոսել: Իմ բառերի տակ ոչ մեկի պաշտպանությունը մի փնտրեք: Ես չկամ այդտեղ»:
Հարցին, թե հոկտեմբերի 27-ը ինչի՞ հետ է կապվում, եթե ոչ ներքաղաքական պրոցեսների, Բաբայանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի դերակատարը (նկատի ունի Նաիրի Հունանյանին-խմբ) ողջ-առողջ է, չէ՞, դատախազությունը, քննիչները բոլորը տեղում են, թող նոր քննություն սկսեն», - նշել է գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը:
«Եթե իրոք արդար քննություն սկսեն, բոլոր նրանք, որ հիմա գոռում են, հերթով մտնելու են կամեռան: Այդ մարդկանցից մի քանիսը այդ տղայի հետ հանդիպել է մինչեւ այդ դեպքերը: Ճշտեք՝ ովքեր են հանդիպել 1999 թվականին, ասեք, որ բանտի դուռը բաց է իրենց համար:
Մարդը (Նաիրի հունանյանը-խմբ) եկել է դրսից եւ շփվել է մի շարք պետական ու քաղաքական գործիչների հետ, ովքեր են եղել այդ մարդիկ, ինչի՞ց են խոսել, ինչ են քննարկել: Հենց այդ հարցերի պատասխանը տան, հերթով տեսնելու ես, որ դրդիչներն էլ իրենք են եղել, թող մտնեն կամերան: Իրենք շատ լավ գիտեն, թե իրենք ով են: Այս ցիրկն էլ, որ խաղում են, փորձում են իրենց արածը գցեն ուրիշի վրա»,-հայտարարեց Բաբայանը՝ հավելելով. «Ինչու էր նա պառլամենտից զանգում ոմանց, ասում՝ եկեք, հավաքվեք, ժողովրդին ոտքի հանեք»:
Նշենք, որ մինչ այդ Մեղրիի տարբերակի կոնտեքստում լրագրողները հարցեր էին տվել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ փոխնախարար Վահան Շիրխանյանի մասին: Նրանք անուղղակիորեն պնդում էին, որ Մեղրիի տարբերակի քննարկումներն ու Հոկտեմբերի 27-ի սպանդը փոխկապակցված են: