ԱԱԾ-ն «ֆեյք» օգտատեր է հայտնաբերել և ձերբակալել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն իսկ կատարվել է, մեկ «ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է: Հարուցվել է քրեական գործ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա մանրամասնեց, որ խոսքը Facebook-յան «Դուխով Հայաստան» էջի «ֆեյք օգտատերի» մասին է: Ըստ նրա, նա տարածում էր ակնհայտ ապատեղեկատվություն:
Միևնույն ժամանակ Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ն չի պայքարում «ֆեյքերի» դեմ, այլ պայքարում է այն հայտարարությունների և այդ հայտարարություններ անողների դեմ, որոնց պարունակության մեջ կա հանցակազմ, իսկ եթե հանցակազմ չկա, անկախ նրանից «ֆեյք» է, թե՝ ոչ, ԱԱԾ-ն այդտեղ որեւէ գործ չունի անելու: Քանի որ «խոսքի ազատութունը ամենակարեւոր սկզբունքն է, դա չենք կարող որեւէ կերպ խախտել»:
Նշվեց նաև, որ քրեական գործը հարուցվել է ռասայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։
Հիշեցնենք, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ: