ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն պարտավորությունների կատարումը
Ռեադմիսիոն հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի 5-րդ նիստը տեղի ունեցավ Երևանում։ Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունից, կոմիտեի նպատակն է հետևել և գնահատել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման ընթացքին, վերհանել և փորձել լուծումներ գտնել այդ ընթացքում առաջացող խնդիրներին։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (ՄԾ) պետԱրմեն Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ներկայացրեց ռեադմիսիոն համաձայնագրի դերը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության համատեքստում։ Նա փաստեց, որ վերջինիս մեկնարկին ուղղված աշխատանքներն ակտիվ ընթանում են։ «Մենք դրական արձագանք ունենք գերմանական կողմից և մեր աշխատանքը շարունակում ենք այլ անդամ պետություններ հետ», -ասաց նա։
Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի անկանոն միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դեն Ռոտենբերգը ներկայացրեց վիճակագրական տվյալները Հայաստանի վերաբերյալ՝ անդրադառնալով անօրինական հիմքով անդամ-պետությունների տարածքում ապրող ՀՀ քաղաքացիների հետ ընդունման հարցերին։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն համաձայնագրի դրույթների իրականացումը», -շեշտեց նա։
Հայկական կողմը ներկայացրեց վերադարձի ոլորտում ծրագրված աշխատանքները՝ առանձնացնելով տարբեր թիրախային խմբերի, նրանց կարիքների գնահատմանն ու վերաինտեգրմանն ուղղված հնարավորությունները։
ՀՀ-ում Գերմանիայի հյուպատոս Ալեքսանդր Բարտհոլդը նկատեց, որ քաղաքացիության հաստատման ցուցանիշը Գերմանիայից ուղարկվող ռեադմիսիոն հայտերի վերաբերյալ բավականին բարձր է Հայաստանի կողմից:
Ըստ վերջին տարիների վիճակագրության՝ Գերմանիան առաջին տեղում է ԵՄ երկրների շարքում ռեադմիսիոն համագործակցության համատեքստում: