Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը փոխում է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նախարարը:
Տոնոյանն Ալիև-Փաշինյան հանդիպման համատեքստում կոշտ հայտարարություն է անում՝ մեսիջ հղելով Բաքվին, որ նրանց ռազմական սպառնալիքները չեն կարող ազդել և ճնշել Երևանին ու Ստեփանակերտին գնալու միակողմանի զիջումների:
«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, փաստորեն, արդեն անցյալում է և հայկական կողմը հասկացել է, որ 7 կամ 5 շրջանների հանձնումն Ադրբեջանին մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմաքանդելու է Արցախի ողջ պաշտպանական, ինժերենական համակարգն ու թուլացնի հայկական բանակի ներուժը:
Ինչ վերաբերվում է Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» բանաձևին, ապա դա կարող է նշանակել մեկ բան՝ Բաքվի կողմից ռազմական նոր ագրեսիայի դեպքում հայկական կողմն անցնելու է հակահարձակման և մեծացնի անվտանգության գոտու սահմանները՝ հասնելով Քուռ գետի ափ ու վերահսկողություն հաստատելով ադրբեջանական նավթագազային խողովակների ու այլ կարևորագույն լոգիստիկայի նկատմամբ:
Եվս մեկ կարևոր դիտարկում վերաբերվում էր հայկական զինուժին ավելի հարձակողական բնույթ հաղորդելուն. խրամատային վիճակում զինուժը կարող է ծանր կորուտսներ կրել, քանի որ Ադրբեջանը գնել է հեռահառ, գերճշգրիտ զինատեսակներ, որոնք կարող են խրամատային վիճակում գտնվող ուժերն առանց ուղղակի մարտի մեջ մտնելու ոչնչացնել:
«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասել է Տոնոյանը:
Տոնոյանն ուղիղ զգուշացնում է Իլհամ Ալիևին՝ նոր պատերազմը կարող է Բաքվի համար արժենալ նոր տարածքներ, ինչն էլ միլիոնավոր փախստականների հոսքն ուղղելու է դեպի մայրաքաղաք Բաքու, հանգեցնելով Ալիևի կլանի տապալմանը:
Ալիևը հասկանում է, որ պատերազմում պարտվելը քաղաքական ինքնասպանություն է իր և իր կլանի համար, այդ պատճառով Ադրբեջանը չնայած շարունակում է ակտիվորեն զինվել, սակայն հասկացել է, որ հեշտ հաղթանակ՝ բլից-կրիգ, Արցախում չի լինելու: