22.11.2024
Տոնոյանի մեսիջն Ալիևին. նոր պատերազմի դեպքում Արցախն ընդլայնելու է «անվտանգության գոտին»
prev Նախորդ նորություն

Փաշինյանը սխալ է. «Գազպրոմ Արմենիա»-ն տեսուչների ու փականագործների «ջարդ» է սկսել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ թյուր կարծիք կա, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում տեղի ունեցող տնտեսումների ու օպտիմալացման արդյունքնում կրճատվելու են այն հաստիքներն ու աշխատատեղերը, որոնց անհրաժեշտությունը չկա: Պատկերն իրականում ճիշտ հակառակն է՝ կրճատվելու են տեսուչներն ու փականագործները, որից կարող են առաջանալ նաեւ անվտանգության հետ կապված խնդիրներ գազի մատակարարման համակարգում:


Այս մասին VERELQ-ին հայտնեց մեր աղբյուրը «Գազպրոմ Արմենիայից», որի խոսքերը հաստատեցին եւս երկու աղբյուր նույն ընկերությունից:


Տարեսկզբին գազի գնի 15 դոլարով բարձրացումից եւ դրա ազդեցությունը Գազպրոմ-ՀՀ կառավարության պայմանավորվածության արդյունքում սպառողների վրա փաստացի չանդրադառնալուց հետո, այժմ ակտիվորեն քննարկվում է ընկերությունում հաստիքների կրճատումների եւ խնայողություններ սկսելու հարցը: Միջինը 230 հազար աշխատավարձով 5800 աշխատակիցներ ունեցող «Գազպրոմ Արմենիան»-ում հնարավոր կրճատումներին կառավարության ղեկավարը հանգիստ է վերաբերվում՝ նշելով, որ խոսքն այն հաստիքների մասին է, որոնց անհրաժեշտությունը չկա:


«Մենք համարո՞ւմ ենք, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին եւ այդ ընկերությունները լինում են ոչ էֆեկտիվ: Դուք համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա»,- ասաց վարչապետը՝ խոսելով լրագրողների հետ «Գազպրոմ-Արմենիա»-ում տեղի ունեցող կրճատումների մասին:


Փաստացի Փաշինյանը բաց տեսքտով հայտարարում է՝ «Գազպրոմ Արմենիան»-ում հաստիքացուցակի եւ աշխատավարձների ֆոնդի ուռճացվածության մասին նախկինում տրված գնահատականների ոչ հիմնազուրկ լինելու մասին: Ավելին, նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ սա արվել է նախորդ իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում՝ սոցիալական վիճակը մեղմելու միջոցով քաղաքական դիվիդենտներ, այն է՝ ձայներ ստանալու համար:


«Գազպրոմ Արմենիա»-ում ուռճացված աշխատավարձերի ֆոնդ ու հաստիքացուցակ կա, նշում են մեր աղբյուրները, սակայն նրանց խոսքով, այն ընկերության ղեկավար կազմում է, ոչ թե տեսուչների ու փականագործերի շրջանում, որոնց էլ պատրաստվում են կրճատել: Պարզվում է՝ օրեր առաջ «Գազպրոմ Արմենիան»-ում տեղի ունեցած ժողովի արդյունքում որոշվել է կրճատումներ սկսել: «Այսպիսով, որոշվել է 50%-ով կրճատել 150 հազար դրամ ստացող տեսուչների հաստիքները, 30%-ով՝ 130 հազար դրամ ստացող փանակագործենրի հաստիքները եւ միայն 10%-ով կրճատել վարչական ապարատը: Այստեղ էլ ընտրել են ամենացածր՝ 130 հազար դրամ ստացող աշխատակիցներին», - ասաց մեր աղբյուրը:


Նրա խոսքով, ընկերությունում մեծ աշխատավարձներ ստացող կառավարիչների ու իրենց սպասարկող անձնակազմի շրջանում կրճատումների մասին խոսք չկա: «Այսինքն՝ կրճատումների արդյունքում տուժելու են մարդիկ, որոնք ամենաօրյա ռեժիմով աշխատանք են տանում տեղերում՝ ապահովելով համակարգի բնականոն աշխատանքն ու անվտանգությունը: Այս կրճատումների արդյունքում ունենալու ենք մի իրավիճակ, որ մեկ տեսուչը երկու անգամ մեծ տարածք է սպասարկելու, որից տուժելու է աշխատանքի որակն ու համակարգի անվտանգությունը: Երկու անգամ ավել կատարվող աշխատանքի համար տեսուչների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ», - նշում է նա:


Հատկանշական է, որ ընկերության աշխատավարձի ֆոնդը, որը ներառված է գազի գնագոյացման մեջ, շատ մեծ ազդեցություն չունի դրա վրա: Վերջինիս ծավալը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ ութ տոկոս: Իսկ այդ դեպքում՝ որտեղի՞ց են գոյանում մեծ ծախսերը, հարցադրում են հնչեցնում մեր աղբյուրներն ու պատասխանում. ««Գազպրոմ Արմենիայում» պետք է արվի նորմալ միջազգային աուդիտ, որը ցույց կտա, թե որքան անիմաստ ու ուռճացված ծախսեր կան, հատկապես ներկայացուցչական բնույթի: Բանն այն է, որ այդ բոլոր ծախսերը ներառված են գազի սակագնի ձեւավորման մեջ, որից էլ տոկոսային հարաբերակցությամբ հաշվարկվում է ընկերության եկամուտը: Այսինքն՝ որքան շատ ծախս ցույց տա ընկերությունը, այնքան շատ եկամուտ կունենա»:


Այս հարցում էլ, ըստ պաշտոնական տվյալների, «Գազպրոմ Արմենիայում» իրավիճակը ոչ բարվոք է: 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության հետ պայմանավորվածության արդյունքում իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը, ինչի հաշվին արտոնյալ սակագներ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքների եւ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման եւ սպառման ծավալների աճի համար, ինչպես նաեւ խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:


Այդ ժամանակից, համաձայն պաշտոնական տվյալների, ընկերությունը գործում է վնասով: «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի 31-ի թվականի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել էր 103.3 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 9.3 մլրդ ՀՀ դրամով:


2018 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել: Այնուամենայնիվ, կանխատեսելի է, որ 2018 թվականի ընթացքում վնասը կավելանա:


2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը վերահաստատեց կառավարության մոտեցումը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների հաշվին չի բարձրացնի բնական գազի սակագինը: Արդեն ապրիլի 12-ին ընկերությունը հայտարարեց, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ խնայողությունների հարցը:


«Խնդիրն անարդյունավետ կառավարման ու ընկերության վերին էշելոններում ուռճացված ծախսերի մեջ է: Դրա համար աուդիտ է պետք իրականացնել», - պնդում են մեր աղբյուրները: