ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ մարտի 29–ին Վիեննայում կայացած՝ Փաշինյան–Ալիև հանդիպմանը։
«Թարմ արձագանքս Փաշինյան-Ալիեւ այսօրվա հանդիպմանը՝
1. Չկա որեւէ արձանագրում Արցախը բանակցային կողմ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստման մասին։
2. Համանախագահների եւ ՀՀ Կառավարության աշխատակազմի հաղորդագրությունների միջեւ կա առնվազն երկու կարեւոր բովանդակային տարբերություն։
3. Կրկին բացակայում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակումը։
4. Բացակայում է կարգավորման սկզբունքների մասին հիշատակումը։ Հասկանալի չէ, թե ինչ եղան կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների պարզաբանման անհրաժեշտության մասին Ստեփանակերտում հնչեցրած խոստումները։
5. Ալիեւի կողմից դրական գնահատականը ինչո՞վ է պայմանավորված...
Ավելի մանրամասն կխոսեմ վաղը ուղիղ եթերում»,– գրել է նա։
Վիեննայում մարտի 29-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: Դրական էր գնահատել հանդիպումը նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեկնաբանելով հանդիպումը նշել է, որ սա երկար ընդմիջումից հետո ՀՀ իշխանությունների հետ առաջին պաշտոնական հանդիպումն էր, որն անցել է կառուցողական մթնոլորտում:
Նա նշել է նաև, որ բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել, թեեւ երկխոսության ձևաչափը չի փոխվել:
Վերջին շրջանում Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները հաճախ են հարց բարձրացնում առ այն, արդյոք հայկական կողմը ջանքեր գործադրում է 2016 թ-ի ապրիլյան ռամազմական գործողություններից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ: Դրանք են՝ շփման գծում հատուկ սարքավորումների տեղակայումը, միջազգային դիտորդների խմբի ավելացումը եւ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրումը:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս հարցի վերաբերյալ հայտնել էր, որ հայկական կողմը չի հրաժարվել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հանձնառությունից: «Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ անենք ամեն ինչ, որ դրանք կյանքի կոչվեն։ Դրանց գումարվել են Դուշանբերի պայմանավորվածությունները», - ասաց նա:
Հատկաշական է, որ Վիեննայում մարտի 28-ին տեղի ունեցած հանդիպման արդյուքնում թե՛ համանախագահների, թե՛ Բաքվի ու Երեւանի հայտարարություններում Վիեննայի ու Սանկտ-Պետետերբուրքի պայմանավորվածությունների մասին խոսք չկա։ Հիշատակվում են միայն Դուշանբեի պայմանավորվածությունները, որոնք ինչպես նշում են հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները ձեռք են բերվել Ալիեւ-Փաշինյան «վերելակային երկխոսությունում» եւ պարկտիկորեն ոչնչով ամրապնդված չեն։