Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ «տարածքներ անվտանգության դիմաց» բանաձեւն այլեւս չի գործելու եւ այն այսուհետև փոխարինվում է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» ձևաչափով, մեծ արձագանք է առաջացրել Ադրբեջանում:
Ինչպես հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է, որ Տոնոյանի այդ հայտարարությունը «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առ այն, որ երկրիրը վարում է թշնամական և նվաճողական քաղաքականություն»:
«Հայտարարությունը հնչել է անմիջապես Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից հետո: Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել խաղաղության համար և հստակ արդյունքների ուղղված քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացում՝ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Տոնոյանի այդ հայտարարությունը, նշում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, կրում է «ակնհայտ սադրիչ բնույթ» և ուղղված է «միջազգային հանրության՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի դեմ»: Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ «Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես չի գալիս այլ պետությունների նկատմամբ տարածքային հավակնություններով և նպատակ չունի օկուպացնել որևէ տարածք»:
«Հայկական կողմի գիտությանն ենք հասցնում, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը աշխարհի ամենահզոր բանակների թվին են դասվում և ունակ են ամենակարճ ժամկետներում ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները՝ համաձայն ինքնապաշտպանության ապահովման միջազգային իրավունքի համապատասխան դրույթի: Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգությնա խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերի անհապաղ, լիարժեք և անվերապահ դուրսբերում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից», - սպառնում են Ադրբեջանից:
Ադրբեջանի բոլոր ջանքերը, նշվում է գաղորդագրությունում, միջազգային հանրության աջակցությամբ ուղղված են այդ նպատակի իրականացմանը: «Հակառակ դեպքում Ադրբեջանը պատրաստ է ազատագրել իր տարածքները հայկական շրջափակումից ցանկացած այլ միջոցներով՝ առաջնորդվելով միջազգային իրավունքի համապաասխան նորմերով ու սկզբունքներով, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրությամբ, և Հայաստանին դա քաջ հայտնի է», - ասված է հաղորդագրությունում:
Հայտարարության մեջ նաև հարցադրում է արվում՝ արդյո՞ք Տոնոյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել երկրի վարչապետի հետ, թե եղել է «նախարարական իմպրովիզացիա՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել բանակցությունների էությունը և դրանց արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը»:
Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Դրանում նշվում է, որ Վիեննայում Ալիև-Փաշինյան բանակցությունների ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը «վկայում է Հայաստանի իշխանական կառույցներում տիրող քաոսի, տարաձայնությունների և ամենաթողության մասին»:
«Տոնոյանը, որը քաջատեղյակ է հայկական բանակի ողբերգական վիճակին, փորձում է տարբեր միջոցներով իր ղեկավարությունից և հանրությունից թաքցնել դա: Միաժամանակ Փաշինյանը, փակ հանդիպում անցկացնելով բանակի ղեկավարության հետ, խոստովանում է, որ Հայաստանի զինված ուժերը ղեկավարվում են գողական օրենքներով, ինչը լուրջ խնդիր է երկրի համար»,- ասել է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգյալխլըն: Նրա խոսքով՝ Տոնոյանի նման հայտարարությունը «ևս մեկ անգամ պաշտոնապես ցույց է տալիս Հայաստանի օկուպացիոն էությունը, որը գնահատվում է որպես պաշտոնական Երևանի կողմից փորձ՝ սպառնալու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:
Ադրբեջանի ՊՆ-ում համոզված են, որ Նյու Յորքի հայ համայնքի առաջ հանդես գալով նման հայտարարությամբ՝ Տոնոյանը նպատակ է ունեցել «մոլորեցնել նրանց և լրացուցիչ գումար հավաքել հայակական սփյուռքից՝ ծածկելու համար գողացված և թալանված ֆինանսական միջոցները»: Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը նույնպես իր խոսքն ամփոփել է սպառնալիքով՝ նշելով, որ Ադրբեջանի բանակն «ի վիճակի է և պատրատ է ունեցած ամբողջ ուժն ու հզորությունը թափել օկուպանտների գլխին՝ իր տարածքներն ազատագրելու նպատակին հասնելու համար»:
Ավելի վաղ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը փոխում է: «Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նախարարը: