25.11.2024
Գազի գնի հարցը կվերադառնա հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգ. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

IDeA հիմնադրամը կզբաղվի անտառային ֆոնդի վերականգնմամբ ու էներգիայի խնայողությամբ

IDeA հիմնադրամը ստեղծում է նոր՝ ClimateUturn բնապահպանական հարթակ, որի առաջնահերթություններն են անտառային ֆոնդի վերականգնումը, էներգիայի խնայողությունը, թափոնների առաջացման կանխարգելումը, էկոլոգիական չափանիշների ձևավորումը:


«Համակարգային փոփոխություններ հնարավոր են միայն երկրի հետևողական համալիր զարգացման ընթացքում, հետևաբար IDeA-ն իրականացնում է խարսխային նախագծեր, որոնք փոխկապակցված և դրական փոփոխությունների շղթա են կազմում: Այս ամենը պահանջում է ապահով հենարան՝ հարթակ: Բոլոր նախագծերի հիմքում միմյանց փոխկապակցված մի քանի հարթակներ են. օրինակ՝ «Ավրորա» նախաձեռնությունն իրականացվում է հումանիտար հարթակի վրա, UWC Dilijan-ը՝ կրթական: Գործում են նաև տեխնոլոգիական, առողջապահական, ֆինանսական, զբոսաշրջային և քաղաքաշինական հարթակներ: Ինչպես մյուսները, այնպես էլ բնապահպանական հարթակը, IDeA հիմնադրամը սկսում է որպես երկարաժամկետ նախաձեռնություն և դիտարկում է այն երկրի զարգացման 30-ամյա ծրագրի շրջանակում:


Նախաձեռնությունը կենտրոնանալու է Հայաստանի համար կարեւոր երեք ուղղությունների վրա՝ թափոնների գոյացման կանխարգելում, անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն՝ փորձելով միասնական, ամենօրյա գործողությունների շնորհիվ արձանագրել արագ արդյունք: Նախատեսվում է նաեւ Հայաստանում սպառվող ապրանքների և ծառայությունների էկոլոգիական չափանիշների ձևավորում:


IDeA հիմնադրամն ունի ենթակառուցվածքների ստեղծման եւ վերականգնման երկար տարիների փորձ, սակայն շրջակա միջավայրի խնդիրները չափազանց մեծ են, որ լուծվեն միայն մեկ նախաձեռնությամբ: Այժմ, ClimateUturn-ի թիմը վարում է ակտիվ բանակցություններ միջազգային և տեղական գործընկերների հետ: Շուտով կսկսվի կամավորների հայտագրումը, որոնք կլինեն նախաձեռնության հիմնական շարժիչ ուժը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: