Թրամփի չմտածված որոշումները Մերձավոր Արեւելքում ճգնաժամերի կհանգեցնեն. Իրան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չմտածված եւ անձնական որոշումները Մերձավոր Արեւելքի խնդրահարույց տարածաշրջանը կհանգեցնեն ճգնաժամերի հերթագայության։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքների մասին։
Նրա խոսքով՝ Իսրայելը չունի ինքնիշխանություն արաբական եւ իսլամական հողերի հանդեպ, եւ նրա ագրեսիան ու օկուպացիան պետք է անհապաղ դադարեցվեն։ Նա հիշեցրել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերով Գոլանի բարձունքները սիրիական հողերի մի մասն են։ «Չկա այլ ելք, բացի օկուպացիային վերջ դնելուց»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։
Քասեմին ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի զավթողական որոշումը Գոլանի հարցի վերաբերյալ չի փոխում Սիրիայի ինքնիշխանության բնույթը, եւ, բացի այդ, այն ակնհայտորեն ապացուցում է Միացյալ Նահանգների եւ սիոնիստական ռեժիմի փոխզիջումային քաղաքականության ձախողումը»։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի քաղաքականությունը «վտանգավոր» է ողջ աշխարհի եւ հատկապես Միջին Արեւելքի համար։ «Իրանը ուշադիր կհետեւի զարգացումներին եւ համապատասխան քաղաքականություն կորդեգրի՝ սիրիական կառավարության եւ այլ երկրների հետ համագործակցելով եւ խորհրդակցելով»,- ընդգծել է նա։