Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է. նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական և դասախոսական գործունեության ընթացքում բազմաթիվ աշխատանքային շփումներ և փոխայցելություններ է ունեցել իր համալսարանական գործընկերների հետ:
Արմեն Սարգսյանը կարևորել է աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկի՝ Մոսկվայի պետական համալսարանի ներկայությունը Հայաստանում և անհրաժեշտ համարել ընդլայնել երևանյան մասնաճյուղի գործունեությունը, գիտակրթական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի ամրապնդումը:
Ներկայացնելով այցի նպատակը՝ Ելենա Վարդանովան ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում հանդես է եկել լրագրության ոլորտին առնչվող մի քանի հրապարակային դասախոսություններով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել լրագրության ապագայի, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում առկա մարտահրավերների, հավաստի և պրոֆեսիոնալ լրատվության, լրագրության դասավանդման մակարդակի բարձրացման հարցերի շուրջ: