25.11.2024
«Սասնա Ծռերի» գործողությունները Բաքվին կարող են դրդել պատերազմի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի համբերությունը սահման ունի. Հիքմեթ Գաջիև

«Պաշտոնական Բաքուն ավելի քան քսանհինգ տարի հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Սակայն Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի հողերից, համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձևերի։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը, ինչպես ցանկացած այլ պետություն կօգտվի իր բոլոր իրավունքներից, համաձայն ՄԱԿ Կանոնադրության»,- Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Գաջիևը։


Նա նշել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, բանակցային գործընթացը առաջ մղելու համար։


«Ցավոք Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կրկնում է Քոչարյան և Սարգսյան նախագահների կառավարման ժամանակների սխալները, հանդես գալով հայտարարություններով, որոնք արգելափակում են խաղաղ բանակցությունները։ Երևանից ակնկալվում է կառուցողական և ճիշտ քայլեր։ Համաշխարհային հանրությունը ևս պետք է կոնկրետ դիրքորոշում ունենա այս առնչությամբ և հայկական կողմի ղեկավարությանը հստակ դիվանագիտական ազդակներ ուղարկի»,- ասել է պաշտոնյան։


Ըստ նրա, ներկայումս Հայաստանը թալանում է «գրավյալ ադրբեջանական հողերում» ոսկու և երկաթի հանքերը և դրանք ուղարկում է համաշխարհային շուկաներ։ Գաջիևը դա անթույլատրելի է համարել և դիտարկել որպես միջազգային համաձայնագրերի խախտում։ Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Գաջիևը հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման մեջ, դա մեծ կորուստ համարելով համաշխարհային մշակութային ժառանգության համար։