Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու մասին որոշումը պետք է վերապահել նախագահական ընտրություններից հետո ձեւավորվելիք Արցախի նոր իշխանություններին։ Այս մասին լրագրողներին ասել է «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը:
Նա վստահ է, որ Հայաստանի հետ միավորվելու գաղափարը արցախցիների «սրտով» է, իսկ իրավական ճանապարհները, Սեֆիլյանի խոսքով, բազմաթիվ են. «Կարող է լինել հանրաքվեի միջոցով, կարող է լինել հանրապետական ընտրություններին մասնակցելու միջոցով»։
Սեֆիլյանը կարծում է՝ պետք է այս հարցում շտապել. «Բոլորս նկատում ենք վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, տեսնում ենք`ինչպիսի վտանգ է կախված մեր երկրի, հատկապես Արցախի վրա: Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը, օր առաջ այդ վտանգը պետք է կանխարգելենք: Մենք հուսով ենք, որ այս գործընթացին օժանդակելու են նաեւ երեւանյան գործող իշխանությունները»։
Սասնա Ծռերի գործողություններն՝ Արցախը ՀՀ-ին միացնելու հետ կապված, իրենց մեջ բազմաթիվ վտանգներ են պարունակում և ի վերջո կարող են հանգեցնել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմի վերսկսմանը:
Սեֆիլյանը հայտարարում է, որ արցախցիների սրտով է միանալը ՀՀ-ին մարզի կարգավիճակով: Նախ՝ ոչ մի սոցիոլոգիական հարցում չի իրականացվել պարզելու համար՝ արդյոք Արցախը ցանկանում է դառնալ ՀՀ-ի մարզ, այսօր ունենալով դե-ֆակտո պետության կարգավիճակ՝ իր պետական ինստիտուտներով, բանակով և անկախություն տեսած մի ամբողջ սերնդով:
Ամենակարևորը, Սասնա Ծռերի նախաձեռնությունը խաթարում է և հարվածի տակ է դնում Մինսկի խմբի տասնյակ տարիներ գործադրված ջանքերը, տանելով բանակցային գործընթացը տապալման, քանի որ բանակցությունների հիմքում ընկած է արցախցիների ինքնորոշման իրավունքը:
Այսինքն, պետք է տեղի ունենա իրավական ուժ ունեցող հանրաքվե և հենց այդ ժամանակ արցախցիները պետք է իրենց կամքը հայտնեն՝ ցանկանո՞ւմ են դառնալ անկախ պետություն դե-յուրե ճանաչումով, թե՞ անդամակցեն ՀՀ-ին:
Բանակցությունները տարիներ շարունակ ընթանում են այն հարցի շուրջ, որպեսզի Ադրբեջանն ի վերջո ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը:
Եթե Սասնա Ծռերը գնում են Արցախը ՀՀ-ին միավորելու գործընթացին, դա լրացուցիչ դիվիդենտներ կարող է տալ Բաքվին հայտարարելու, որ ՀՀ-ն փորձում է Արցախը միացնել իրեն՝ ղարաբաղյան հարցն աշխարհին կրկին անգամ խեղաթյուրված կերպ ներկայացնելով, որպես տարածքային հարց:
Չնայած Սասնա Ծռերը խորհրդարանական ուժ չէ, սակայն նրանց գործողությունները կարող են ՀՀ-ում նոր դիսկուրս առաջացնել Արցախ-ՀՀ միավորման հետ կապված, ինչը խաչ է քաշում բանակցային գործընթացի վրա ու Մինսկի խումբը կարող է ավելի կոշտ հայտարարությամբ հանդես գալ ՀՀ-ի դեմ, որը կրկին անգամ կողջունվի Բաքվի կողմից:
Սեֆիլյանը նաև նշում է, որ Արցախի վրա կախված է աբխազացման վտանգը՝ նկատի ունենալով, որ Արցախը կարող է ընկնել ՌԴ-ի ազդեցության տակ կամ Արցախի տարածքում հայտնվեն ռուսական զորքերը: Այսպիսոն նա զուգահեռներ է անցկացնում Աբխազիայի հետ, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը, իսկ Աբխազիայի բնակչության մեծամասնությունը ՌԴ-ի քաղաքացիներ են:
Սակայն Արցախը տասնամյակներ շարունակ ՀՀ-ի աջակցությամբ ապահովում է իր անվտանգությունն ու սահմանների անվտանգությունը՝ առանց երրորդ երկրների օգնության: ՌԴ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես Աբխազիայի պարագայում:
ՌԴ-ն, հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահ երկիր, ցանկանում է հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ կողմերի փոխզիջումների հիման վրա, իսկ Արցախի աբխազացման մասին հայտարարություններն իրենց մեջ չունեն որևէ փաստեր, դրանք ուղղակի կարծիք են և կարող են ուղղված լինեն ՌԴ-ի դեմ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ բարձրացնելու համար:
Արցախի ապագան պետք է որոշի հենց արցախցին, սակայն այս պահին ընթանում են ղարաբաղյան բանակցություններ և դրանից դուրս հանրաքվե անցկացնել և միավորվել ՀՀ-ի հետ կնշանակի Բաքվին տալ բոլոր լծակները պատերազմ սկսելու համար, քանի որ բանակցային գործընթացն արդեն կկորցնի իր ողջ իմաստը, եթե Արցախը միավորվում է ՀՀ-ի հետ մարզի կարգավիճակում:
Այս պարագայում Մինսկի խումբը, մի կողմ քաշվելով հակամարտող կողմերին հարցը, պատերազմի միջոցով լուծելու հնարավորություն կտա՝ «հաղթողին ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ», բանաձևով: