26.11.2024
ՀՀ պետական սահմանը խախտելիս վնասազերծվել է Ադրբեջանի քաղաքացի, նա վիրավորում է ստացել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մադրիդյան սկզբունքները կարող են դառնալ դեմոգրաֆիական ռումբ Արցախի դեմ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ պետք է հրաժարվել մադրիդյան սկզբունքներից՝ նշելով այդ սկզբունքների վտանգավորությունն Արցախի գոյության համար:


Շատ է խոսվում մադրիդյան սկզբունքներից՝ տարածքների վերադարձի հետ կապված՝ 7 կամ 5 շրջան, սակայն ոչ պակաս կարևոր է ադրբեջանցի փախստականների վերադարձն անվտանգության գոտի, ինչպես նաև նախկին ԼՂԻՄ տարածք: Այն իր հետ բերելու է նորանոր սպառնալիքներ:


Ադրբեջանցիներն իրենց փախստականներին պահում են, որպես դեմոգրաֆիական ռումբ՝ Արցախի դեմ, քանի որ նրանց վերադարձի պարագայում փոխվում է թե անվտանգության գոտու էթնիկ-կրոնական դեմքը՝ կառուցվում են նոր ավաններ, գյուղեր, մզկիթներ և այլն, թե ԼՂԻՄ-ի էթնիկ դեմքը: Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ում բնակվում էին բազմաթիվ ադրբեջանցիներ, այդ թվում Շուշիում, Ստեփանակերտի շուրջ, ինչպես նաև տարբեր շրջաններում:


Ադրբեջանցիների վերադարձը Լաչինի շրջան նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի ու ՀՀ-ի միջև կրկին առաջանում է ադրբեջանական սեպ․ նրանք անընդհատ հարվածի տակ են պահելու Լաչինի միջանցքն ու ցանկացած առիթի դեպքում հարձակումներ իրականացնեն ՀՀ-Արցախը միմյանց կապող այդ ճանապարհի վրա:


Ադրբեջանցիների վերադարձը Քելբաջար նույնպես նրանց հնարավորություն է տալիս հսկողություն հաստատել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վրա, որն անցում է Քելբաջարով։ ՀՀ-Արցախին կապող երկրորդ ճանապարհը նույնպես հայտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Այս պահին ՀՀ-ն ու Արցախը ցանկանում են վերակառուցել Կապան-Կովսական ճանապարհը, որը Սյունիքի մարզը կապելու է Արցախին՝ ՀՀ-ն կունենա երրորդ ճանապարհը դեպի Արցախ ու նրա հարավային մերձարաքսյան շրջաններ:


Սակայն մադրիդյան սկզբունքներն ենթադրում են նաև Կովսականի (նախկին Զանգելան) ու մյուս մերձարաքսյան շրջանները վերադարձնել Ադրբեջանին ու այնտեղ նույնպես պետք է վերադառնան ադրբեջանցիներ:


Միայն ժողովրդագրական գործոնի շնորհիվ առանց մեկ կրակոցի Ադրբեջանն իր հսկողությունը կարող է հաստատել ՀՀ-Արցախին կապող երեք ճանապարհների վրա, որոնք կյանքի ճանապարհ են, ինչպես նաև սեպ ստեղծել Արցախի ու ՀՀ-ի միջև։ Այդ տարածքներում վերաբնակվելու են ադրբեջանցիներն ու սպառնան թե Արցախի թիկունքին, թե ՀՀ-ի Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերին:


Մադրիդյան սկզբունքների կյանքի կոչումը տանելու է Արցախի հայաթափմանն, ու նշված շրջանի դեմոգրաֆիական դեմքի փոփոխության հետևանքով՝ Մեծ Թուրանի կյանքի կոչմանը: