26.11.2024
Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցվել է վարույթ
prev Նախորդ նորություն

Իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը պարտավոր է չզիջել ղարաբաղյան հարցում

Մարտի 5-6-ը Մոսկվայում կայացավ «Լազարյան ակումբի» 2-րդ նիստը: Ակումբի մասնակիցների կազմը ներկայացուցչական էր: Հայաստանից մասնակցում էին քաղաքական գործիչներ Արա Բաբլոյանը, Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը և ուրիշներ: ՀՅԴ-ն ներկայացնում էր ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:


ՀՀ-ի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ, արտախորհրդարանական ուժերը փորձում են ձևավորել կոնտրէլիտա կամ ստվերային կառավարություն՝ հաջորդ ընտրություններին իշխանության վերադարձի կամ այսպես կոչված քաղաքական ռևանշի համար:


ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, նախկին ՀՀԿ-ականները, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության խիստ քննադատությամբ: Փաշինյանը չունի տնտեսական լուրջ ծրագիր՝ կառավարության ներկայացրած 5-ամյա ծրագիրը տնտեսագետները գնահատում են, որպես բարի ցանկությունների ու կենացների ժողովածու:


Կառավարությունը գնում է ոչ պոպուլյար քայլերի, օրինակ, պետական ապարատի կրճատումներ և այլն, ինչը հանգեցնելու է այս նոր կառավարությունից դժգոհողների թվի ավելացմանն ու Փաշինյանի քաղաքական հակառակորդների պոտենցիալ էլեկտորատի ավելացման:


Բացի այդ, ղարաբաղյան հարցում նույնպես տեղի են ունենում վտանգավոր զարգացումներ՝ Մինսկի խումբը հստակ մեսիջ է հղում Փաշինյանին, որ Բաքու-Երևան բանակցային ֆորմատը փոփոխության չի ենթարկվելու: Ադրբեջանն էլ իր հերթին ողջունում է Մինսկի խմբի վերջին հայտարարությունն ու դրան զուգահեռ, որպես քաղաքական ճնշման միջոց, Արցախի սահմանների մոտ անցկացնում լայնածավալ զորավարժություններ՝ նորագույն զենքերի, այդ թվում բելառուսական Պոլոնեզների ցուցադրությամբ: Բաքուն հստակ սահմանել է ղարաբաղյան հարցի լուծման իր բանաձևը՝ կա՛մ ամբողջ Արցախի վերադարձ, կա՛մ պատերազմ:


Սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների ու Ղարաբաղում հնարավոր պատերազմի ֆոնին արտախորհրդարանական ուժերը փորձում են հանդես գալ Արցախը փրկելու ու ՀՀ-ի տնտեսական զարգացման շուրջ հստակ ծրագրերով, այդ կերպ էլեկտորատին հստակ ազդակ հղելով, որ եթե այս կառավարությունը չի կարողանում իրականացնել թավշյա հեղափոխության ժամանակ տված խոստումները, ապա նրանք պետք է տեղը զիջեն ավելի պրոֆեսիոնալ թիմի:


Արտախորհրդարանական ուժերը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը, չնայած վարկանիշի որոշակի անկմանը, դեռ շարունակում է վայելել հասարակության վստահությունը և իշխանափոխություն իրականացնել այս պահին հնարավոր չէ:

Այդ ուժերն այս պահին իրենց մեդիառեսուրսներով ու սոցիալական ցանցերով հյուծում են Փաշինյանի վարկանիշը՝ հաջորդ ընտրություններում ռևանշի հասնելու համար: Բացի այդ, բոլորը լավ հասկանում են, որ այն քաղաքական գործիչը, ով գնաց զիջումների Ղարաբաղի հարցում, հեռացվելու է իշխանությունից: Ֆորս-մաժորը կարող է գալ ղարաբաղյան ճակատից՝ պատերազմի անհաջող ելքի պայմաններում ՀՀ-ի նոր իշխանությունները հանրային և քաղաքական ճնշումների ֆոնին ստիպված են լինելու հեռանալ:


Այս պահին Նիկոլ Փաշինյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ նա չի կարող գնալ զիջումների Արցախի հարցում՝ իշխանությունից հեռացվելու վտանգն աչքի առաջ ունենալով:


Արցախում հնարավոր պատերազմի պայմաններում Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ ղեկավար ու Արցախի անվտանգության երաշխավոր, պարտավոր է հաղթել պատերազմում: Այդ պայմաններում նրա վերընտրվելը հաջորդ ընտրություններում, որպես պատերազմում հաղթած վարչապետ, երաշխավորված է, սակայն պատերազմում պարտվելու պայմաններում Փաշինյանի վարկանիշը մեկ օրում հանրության շրջանում զրոյանալու է: