24.11.2024
Ընդդիմությունը բոյկոտում է Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում
prev Նախորդ նորություն

Թուրք-ադրբեջանական միջանցք՝ ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով

Վրաստանը կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առջև, դա երկրի գլխավոր խնդիրն է այսօրվա դրությամբ: Այդ մասին հայտարարել է ժողովրդագրագետ Անզոր Տոտաձեն:


Նա նշել է, որ ծնելիության նվազումն ու արտագաղթը ցավալի հետևանքների են կանգնացրել Վրաստանը:


Նրա խոսքով, եթե Վրաստանը չսկսի միջոցներ ձեռնարկել, ապա վրացական մարզերը սկսելու են դատարկվել:


Ըստ նրա, 25 տարի առաջ բազմաթիվ վրացիներ արտագաղթել են և այժմ տարեցներ են: Նրանց վերադարձը Վրաստան կհանգեցնի նրան, որ Վրաստանում կավելանա տարեցների թիվն ու այն կանցնի մեկ միլիոնից:


Վրաստանում դեմոգրաֆիական աղետն ուղիղ սպառնալիք է Հայաստանին: Վրաստանում ուժեղանում է թյուրքական տարրը, թուրք-ադրբեջանական դեմոգրաֆիական էքսպանսիան սպառնում է Վրաստանի հարավում՝ ՀՀ-ի սահմանների երկայնքով, ստեղծել թուրքական միջանցք, որը ձգվելու է վրաց-ադրբեջանական սահմանով՝ անցնելով Ջավախքով հասնելու է մահմեդական Աջարիա:


ՀՀ-ի համար կյանքի ճանապարհ համարվող ուղղություններն՝ երկաթգիծ, ավտոմայրուղիներ և այլն, անցնում են Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններով, իսկ Ջավախքում՝ թուրք-մեսխեթցիների վերադարձի ու աջարացիներով բնակեցման ֆոնին ՀՀ-ն սնուցող երկու կարևորագույն երակների վրա հսկողությունը կարող է անցնել թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքը:


Բաքուն ակտիվորեն աջակցում է Վրաստանի ադրբեջանական համայնքին, այն համարելով դեմոգրաֆիական լուրջ ներուժ, որը պետք է սպառնա ու հակակշռի թե՛ Վրաստանի հայ համայնքին, թե՛ ՀՀ-ի սահմաններին՝ պատերազմական գործողությունների դեպքում:


Վրաստանի ադրբեջանական համայնքը Բաքվի soft power-ն է, որն ակտիվորեն օգտագործվելու է ու դրա ազդեցությունն ուժեղացվելու:


Վրաստանով անցնող հայկական ապրանքների արտահանման ուղին անցնում է հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո–Քարթլիի տարածաշրջանով, ինչը կարող է մեկ օր` Ղարաբաղում լայնածավալ պատերազմի պայմաններում «փակվել»` ադրբեջանական համայնքի, դիվերսիայի և այլ միջոցներով։


Մեկ այլ ուղղություն անցնում է Բավրա–Ջավախքով, սակայն հաշվի առնելով թուրք–ադրբեջանական էքսպանսիան ` դեմոգրաֆիկ, տնտեսական ու հայերի արտագաղթի տեմպերը Հայաստանի համար նաև այդ տարանցիկ միջանցքը` Ջավախքով դեպի Աջարիա և Սև ծով կարող է ևս «փակվել» թուրք–ադրբեջանա–աջարական (մահմեդական) տարրերի կողմից։


Չմոռանանք, որ արդեն իսկ Աջարիան ու նրա մայրաքաղաք Բաթումին նմանվում են «փոքրիկ Թուրքիայի»։


ՀՀ-ն պետք է արձագանքի՝ ներդրումներ կատարելով Ջավախքում, դադարեցնելով այնտեղից հայերի արտագաղթը, նպաստի Վրաստանի հայ համայնքում հայապահպանությանը, այդ թվում ֆինանսական լուրջ հոսքեր ուղղելով Վրաստանի տարածքում առկա հայաբնակ գյուղերին՝ տեղում տնտեսական հզորություններ ստեղծելու նպատակով: Հակառակ պարագայում Վրաստանի հայ համայնքը տարիներ անց դառնալու է պատմություն: