25.11.2024
Վարչապետը քննարկել է հայ-բելգիական գործարար կապերի ընդլայնման հարցեր
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան կարգավորումը ոչ թե մեկ, այլ մի քանի պայմանագրի ստորագրում է նախատեսում. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ամերկայի ձայնին տված հարցազրույցում հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորումը ոչ թե մեկ այլ մի քանի պայմանագրերի ստորագրում է նախատեսում:


«Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ոչ պաշտոնապես հանդիպել է նախագահ Ալիեւի հետ եւ դա շատ դրական խորհրդանիշ է: Հանդիպումներից մեկի ընթացքում նույնիսկ երկու ղեկավարները համաձայնեցին ստեղծել ուղիղ կապի միջոց՝ հնարավոր ճգնաժամը բացառելու եւ միմյանց հետ կապի մեջ մնալու համար: Դրանք չափազանց լավ նշաններ են: Եւ իմ տպավորություններով նախագահ Ալիեւը ընդունել է, որ նոր հնարավորություններ են բացվել, եւ հավատացած եմ, համանախագահները այժմ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ են աշխատում: Եւ եթե այն տեղի ունենա, կդառնա գործընթացն առաջ շարժելու եւս մեկ փայլուն հնարավորություն: Մենք չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ, որ հնարավորություն է բացվել»,- նշել է նա:


Ուորլիքի խոսքով, կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել: Կարելի է դրանք անվանել փոխվստահության կառուցման միջոցներ, սակայն առկա են քայլեր, որոնք կարող են կանխել բռնությունները, եւ դրանք արվում են, սակայն, ավելին է անհրաժեշտ անել այս ուղղությամբ:


«Հավատացած եմ, կա ավելի կարեւոր նպատակ՝ հակամարտության վերջնական կարգավորում: Բոլորն այդ դեպքում կշահեն. մենք չենք խոսում անընդունելի փոխզիջումների մասին: Երկու առաջնորդները պետք է համարձակ լինեն եւ որոշումներ ընդունեն, որոնք կտանեն դեպի խաղաղություն, որովհետեւ այդ խաղաղությունը, թեեւ դժվար հասանելի, անչափ կարեւոր է լինելու տարածաշրջանի համար: Հայաստանի համար այդ խաղաղությունը կարող է բերել իրական բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հենց այդ համարձակ քայլերն են, որ առաջնորդները պիտի կատարեն: Ասեմ, որ կարգավորման ուրվագծերը տեղում են, դրանք պետական գաղտնիքներ չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, սակայն, անհրաժեշտ է համարձակ քայլ յուրաքանչյուր կողմից դրանք առաջ քաշելու համար»,- շեշտել է ամերիկացի դիվանագետը:


Հարցին՝  Հայաստանում երբեմն ընկալվում է այնպես, որ Հայաստանին առաջարկվում է բարգավաճում՝ Լեռնային Ղարաբաղի փոխարեն, արդյոք դրա մասին է խոսքը, Ուորլիքն արձագանքել է՝ ոչ:


«Կան բազմաթիվ գործոններ եւ յուրաքանչյուր կողմ փորձում է վեր հանել դրանցից մի քանիսը: Ադրբեջանի համար անշուշտ խոսքը Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի եւ ընդհանրապես ինքնավարության եւ տարածքային ամբողջականության մասին է: Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման եւ մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն: Եւ ոչ միայն. անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր եւ ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձեւը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, եւ եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները եւ համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը»,- ասել է նա:


Ուորլիքը նաև խուսափել է օգտագործել «Լավրովի ծրագիր» անվանումը, քանի որ այն ժամանակ, երբ ինքը համանախագահը էր, իրենք աշխատում էին արտգործնախարար Լավրովի հետ եւ քննարկում դրա բաղադրիչ մասերը մշակման ընթացքում: Նրա խոսքով, արտգործնախարար Լավրովը հասկանում է այս հակամարտությունը:


«Մենք չենք խոսում պարզապես այն գաղափարների մասին, որոնք նախկինում առաջարկվել էին որպես այսպես կոչված հիմնարար սկզբունքներ, չնայած որ դրանք շարունակում են մնալ ցանկացած կարգավորման բաղադրիչները: Խոսքն այն մասին է, որ մենք մշակել ենք, գոնե երբ ես էի համանախագահ, մի շարք բաղադրիչներ, պայմանագրեր – հոգնակի տեսքով, որոնք պետք է կնքվեին ներգրավված կողմերի միջեւ: Խոսքը պարզապես սեղանի շուրջը նստելու եւ մեկ փաստաթուղթ ստորագրելու մասին չէ, այլ համապարփակ մոտեցման մասին, որը կնախատեսր բոլոր կողմերի շահերը: Հույս ունեմ, հենց սա կարող է լինել բանակցային սեղանի վրա, երբ (Ադրբեջանի-ԱՁ) նախագահն ու (Հայաստանի-ԱՁ) վարչապետը հանդիպեն: Նրանք չեն կարգավորելու բոլոր հարցերը մեկ հանդիպման ընթացքում, սակայն, դա է ուղղությունը, որով անհրաժեշտ է շարժվել: Պետք է ասեմ, որ այս խնդիրը շարունակում է մնալ մի հարց, որում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան շարունակում են սերտորեն միասին աշխատել՝ հանուն խաղաղության ընդհանուր շահի: Նույնիսկ այսօր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ շատ թունավոր հարաբերությունների պայմաններում, որոնք ազդում են հարաբերությունների բազմաթիվ ոլորտների վրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք շարունակում ենք աշխատել սերտորեն եւ արդյունավետ: Ու թեեւ ես այլեւս համանախագահության գործընթացի մասնակից չեմ, նույնիսկ որպես կողմնակի դիտորդ կարելի է տեսնել, որ սա մի ոլորտ է, որտեղ մենք ընդհանուր նպատակներ ունենք: Ուստի, հույս ունեմ, որ արտգործնախարար Լավրովը կշարունակի ակտիվ դեր խաղալ, ինչպես նաեւ ամերիկյան եւ ֆրանսիական կողմերը: Հույս ունեմ, որ մենք կշարունակենք ջանքերը եւ բեկում կարձանագրենք»:


Ջեյմս Ուորլիքը նաև հավելել է.


«Այս հակամարտությունը չափից ավելի երկար է շարունակվում: Այն չի դառնալու ավելի թեթեւ եւ խաղաղության համար այսօրվանից ավելի լավ ժամանակ չի լինելու: Ինչո՞ւ առաջ չշարժվել հիմա: Երկու տարի անց, կամ երեք, հինգ, տասը տարի անց այն միայն ավելի է բարդանալու եւ բախման ռիսկը ավելանալու է: Այժմ մենք ունենք շփման գծում համեմատաբար հանդարտ մի շրջան, երկրների առաջնորդները կարծես թե պատրաստ են առաջ շարժվել այս գործընթացում: Ե՞րբ է լինելու ավելի լավ ժամանակ: Այժմ իրական ժամանակն է դրա համար: Իրականում, հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները պետք է սեփական առաջնորդներին ստիպեն այս գործընթացը կարգավորել: Արդյո՞ք դուք ցանկանում եք, որ հայերի եւս մեկ սերունդ ապրի այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնն էլ Ադրբեջանում. արդյո՞ք դուք կարծում եք, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել եւս մեկ սերնդի: Անշուշտ՝ ոչ: Այս շարունակվող մահվան դեպքերը շփման գծում, շարունակվող հակամարտության տնտեսական հետեւանքները: Իմ կոչը կլինի ոչ թե պարզապես առաջնորդներին այլ երկու երկրների ժողովուրդներին. այժմ ժամանակն է կարգավորելու այս հարցը եւ կարգավորման ուրվագծերը հայտնի են եւ սեղանի վրա են: Դրանք կարող են քննարկվել եւ առաջ քաշվել»: