Ինչպես էին Ռեստարտի անդամները Նարեկ Մալյանին տանում աղբարկղի մեջ նետելու (տեսանյութ)
Ռեստարտ նախաձեռնության Facebook-յան էջում հրապարակվել է անցած գիշեր «Ադեկվադ» խմբի անդամ Նարեկ Մալյանին «աղբարկղի մեջ նետելու» չհաջողված փորձի տեսանյութը:
«Ռեստարտ նախաձեռնության անդամները վիդեոբլոգեր Նարեկ Մալյանին տանում էին աղբարկղի մեջ նետելու։ Ի ուրախություն պարոն Մալյանի ոստիկանության աշխատակիցները ժամանեցին «աղբահանության» վայր և փախցրեցին բլոգերին։
Ռեստարտի անդամները հայտնում են, որ Մալյանին չեն վիրավորել, չեն հայհոյել, չեն ծեծել և նպատակ չեն ունեցել Մալյանին վնասելու։ Ամեն ինչ եղել է մտածված, և ինչպես հոլովակում երևում է Ռեստարտի անդամները առանց Մալյանին վնասելու մոտեցնում են աղբարկղի մոտ՝ վերջինիս այնտեղ տեղավորելու։
Առավել մանրամասն պարզաբանումը կհաղորդվի Ռեստարտ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում», - ասված է տեսանյութի հետ հրապարակած տեքստում։
Երեկ երեկոյան իր դեմ հարձակման մասին է հայտնել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը, ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ իրեն ևս բերման են ենթարկել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ միջադեպին արձագանքել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի Facebook-յան գրառման մեջ:
«Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», - ասված է վարչապետի գրառման մեջ: