ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ 2 պետերի
Գիշերը ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին: Այս մասին հայտնում է Analitik.am-ը։
Օրեր առաջ նույն կայքը հրապարակում էր արել, որ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար:
Հատկանշական է, որ Պետական վերահսկողության ծառայությունում տեղեկություններ չունեն կառույցի 4 աշխատակցի ձերբակալությունից: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը։ «Ձերբակալող կամ չձերբակալող մարմինը մենք չենք», - ասաց նա:
Ավելի վաղ «Հետք» պարբերականի «Պետական մակարդակով բիզնես են խլում» վերտառությամբ հոդվածում «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը:
«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը փորձել է կապ հաստատել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, սակայն իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է:
«Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ՝ «ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ...»,- հանդիպումից մանրամասներ է հայտնել ընկերության տնօրենը: