ՌԴ նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին նախնական պայմանավորվել են հայ-ռուսական գործարար համաժողով անցկացնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիտովն այս մասին հայտնեց Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև-Տալլին տեսակամուրջի ընթացքում:
«Մենք այդ հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել, դա մեր առաջին հանդիպումն էր և մեզ հետաքրքրիր էր, թե Հայաստանի նոր ղեկավարությունն ինչ կարծիք ունի տնտեսական հարցերի վերաբերյալ: Մենք նաև խոսել ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության մասին, և քննարկվել է հայ-ռուսական գործարար համաժողով կազմակերպելու մասին հարց: Նման ֆորում անցկացնելու գաղափարը հետաքրքիր է, սակայն այն դեռ նախնական է, և ժամկետներ չեն ֆիքսվել»,-ասաց Տիտովը։
Նա շեշտեց, որ երկու երկրները տնտեսական ոլորտում ևս լավ հարաբերություններ ունեն: Տիտովը հույս հայտնեց, որ համաժողովը կկայանա:
Հարցին, թե ինչպես է արձագանքել ռուսական բիզնեսը ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությանը, Տիտովը նշել է, որ գործարարները ոչնչով չեն տարբերվում շարքային քաղաքացիներից և նրանք նույնպես քաղաքական տարբեր հայացքներ ունեն: Նրա խոսքով, Ռուսաստանի բնակչության և գործարարների մեծամասնությանը դուր են գալիս ժողովրդավարական գործընթացները և նրանք հասկանում են, որ հայ ժողովուրդն արտահայտեց իր դիրքորոշումը և դա պետք է հարգել, ինչը արվեց:
«ՌԴ-ում կան ամարդիկ, որոնք քաղաքական այլ հայացքների տեր են՝ կոմունիստական, ազգայնամոլական: Բայց ձեռնարկատերերի մեծ մասի համար Հայաստանը ներդրումային երկիր է, ներդրումային ուղղություն է: Հայաստանը միշտ բաց երկիր է եղել և մնում, և եթե տնտեսությունը սկսի զարգանալ, ապա ներուժն առավել կընդարձակվի: Ցավոք, և Հայաստանի, և Ռուսաստանի տնտեսությունը թույլ է զարգանում, մենք այդքան արագ չենք զարգանում կամ հիմնականում զարգանում ենք հումքային ոլորտում: Եթե սկսենք վարել տնտեսական այնպիսի քաղաքականությունը, որը կխթանի ձեռնարկատիրությունն այստեղ և նման քաղաքականություն լինի նաև ՀՀ-ում, ապա ամեն ինչ ավելին կլինի, քանի որ տնտեսական մեր համագործակցության ներուժը շատ մեծ է»,- հավելել է նա:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովի հետ հանդիպել էր հունվարի 23-ին Դավոսում: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել էր հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը: