VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը բիզնես սկսելու առումով աշխարհի 189 երկրների շարքում զբաղղեցնում է 5-րդ տեղը: «ՉԻ» – Սա իսկապես զարմանալի է, որովհետեւ մեզ թվում էր՝ առաջին տեղը պիտի զբաղեցնի: Թե ինչու՝ հասկանալի է: Որովհետեւ Հայաստանի իշխանությունները երկրում բիզնես սկսելու դյուրությունը կիրառում են որպես խայծ՝ թող գան, հեշտությամբ բիզնես ստեղծեն, հետո «տակ տան», ունեցած-չունեցածը թողնեն իրենց ու մի կերպ փախչեն: Իսկ ձկնորսները լավ գիտեն՝ ինչքան խայծը հրապուրիչ լինի, այնքան շատ ձուկ կբռնվի: Դրա համար էլ բիզնես սկսելն այդքան հեշտ է (փաստաթղթերը ձեւակերպելու առումով): Ափսոս Համաշխարհային բանկը տվյալներ չի հրապարակել այն մասին, թե որերորդ տեղն է զբաղեցնում Հայաստանը սկսած բիզնեսում հետագայում «տակ տալու» հավանականության առումով: Երեւի էլի հինգերորդ տեղը զբաղեցնի, բայց՝ վերջից: Ի վերջո, աշխարհում երկրներ կան, որոնց նախագահները երկուսից ավելի եղբայր ունեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանության վերնախավն այս օրերին, երեկոյան ժամերին մշտապես հավաքվում է ՀՀԿ-ի՝ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակում: Այդ հանդիպումներին հիմնականում մասնակցում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի շտաբի անդամները: Նույն տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում ամեն ինչ անում են, որպեսզի արդեն նոյեմբերի 1-ից
Սերժ Սարգսյանին ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում քարոզչությունը, ովքեր են մարզեր մեկնելու ու ովքեր են լինելու քարոզչական խմբերում: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը, որը երեկ պետք է տեղի ունենար: Ի դեպ, քարոզչության ծրագրին Սերժ Սարգսյանի տված գնահատականով պայմանավորված կլինի՝ անձամբ դրան կմասնակցի, թե ոչ: Եթե ՀՀԿ-ականները կարողանան նրան համոզել, որ իրենք ի վիճակի են ինքնուրույն խնդիրները լուծել, ապա հնարավոր է՝ Սերժ Սարգսյանն անձամբ քարոզչությանը չմասնակցի»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ են հրավիրվել Աժ ՀՀԿ խմբակցության մեծամասնականով ընտրված բոլոր պատգամավորները։ Հրավիրողը եղել է վարչապհտ
Հովիկ Աբրահամյանը։ Հանդիպումը վարչապետը կազմակերպել է որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետ։ Մեր տեղեկություններով, մեծամասնական պատգամավորներին հանձնարարվել է ակտիվ աշխատել իրենց ընտրատարածքներում «այո»-ներ բերելու ուղղությամբ։ Իշխանությանը 700 հազար «այո» է պետք՝ սահմանադրական հանրաքվեն անցկացնելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունում հաշվառման է կանգնած 362 հազար ՀՀ քաղաքացի: Տվյալ դեպքում խոսքը երկքաղաքացիների մասին չէ: Իսկ այս տվյալը հատկապես կարեւորվում է առաջիկա սահմանադրական հանրաքվեի ֆոնին: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրացուցակներում ընդգրկված անձանց թիվը կազմում է 2 միլիոն 550 հազար: Նշենք, որ միայն Ռուսաստանում գտնվում է ՀՀ ընտրողների մի զգալի մասը: Իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Եվրոմիության անդամ երկրներում, ԱՊՀ անդամ մնացած երկրներում: Այս թվերը ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը երբեւէ չի հրապարակում: Եթե հրապարակեն, ապա կարող է պարզվել, որ ՀՀ ընտրողների կեսից ավելին Հայաստանում չի ապրում: Այդ իսկ պատճառով էլ այդ թվերը պետական գաղտնիքի պես անհասանելի են պահվում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյանը այսօր կառավարության հերթական նիստում կներկայացնի «Հասարակական կազմակերպությունների», «Հիմնադրամների» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Խոսքը բավականին աղմկահարույց փոփոխությունների մասին է, որ անցած տարվա վերջին փորձ արվեց անցկացնել Ազգային ժողովում, բայց հանդիպեց Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների հուժկու քննադատությանը։ Օրենքին ընդդիմացող կազմակերպությունները պնդում էին, որ այդ օրենքով իշխանությունները նպատակ ունեն վերահսկողության տակ վերցնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ձեռք բերել հզոր լծակներ ցանկացած պատրվակով իշխանությունների քիմքին չհամապատասխանող ՀԿ-ների գործանեությունը կասեցնելու համար: Բացի այդ, օրենքով ՀԿ– ներին պարտադրվում էր անցնել ֆինանսական աուդիտ, որը բավականրն թանկ հաճույք է և ոչ բոլոր ՀԿ-ները կարող են դա իրենց թույլ տալ։ Վաղը ներկայացվող փաթեթում, ըստ արդարադատության նախարարության կողմից կցված պարզաբանման. ՀԿ-ների հակափաստարկները հաշվի են առնված։ Որքանով են հաշվի առնված թերևս պարզ կդառնա առաջիկայում»: