23.11.2024
Մամուլի տեսություն. Իշխանությունը փորձում է վերասկողության տակ վերցնել ՀԿ-ներին
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. "Օլիգարխ-պատգամավորներին" պատրաստում են սահմանադրական հանրաքվեին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարցազրույցներից երբեք չհրաժարվող Արմեն Աշոտյանը չորեքշաբթի «համավոր հարս» էր դարձել. լռության ուխտի մեջ էր։ Ճի՞շտ է, որ արդեն որոշվել է` գնում եք Բրյուսել՝ դեսպան, բայց դժգոհ եք, որովհետեւ ուզում եք ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, ԿԳՆ-ն էլ «տալիս» եք ոչ թե ՀՅԴ-ին, այլ` ԲՀԿ-ին: Աշոտյանը «Что, где, когда»-ի բուի հայացքով նայում ու համառորեն չէր պատասխանում հարցերին: Ստիպված էինք դիպչել նրա «ինքնագիտակցությանը». ասում են՝ Ձեզ եւ Շարմազանովին շտաբի աշխատանքներում չեն ներգրավել: «Ես ՀՀԿ կենտրոնական շտաբի անդամ եմ, եւ դուք այդ մասին վաղուց գիտեք»,- չդիմացավ նա: Չգիտենք. իսկ ի՞նչ գործառույթներ են ձեր վրա դրված: «Կարեւոր, սակայն հույժ գաղտնի, հրապարակման չենթակա»: Իսկ ճի՞շտ է ՀՀԿ կուլիսներում շրջող լուրը, որ Դուք եւ Արգամիչը քփացել եք` շատերին զարմանք պատճառելով: «Բուն» լռեց, ապա մտավ իր բույնը` ԱԺ դահլիճ»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ընտրացուցակների հրապարակումից հետո պարզվել է, որ Գյումրիում, օրինակ, ընտրացուցակներում ներառվել են բոլոր նրանք, ովքեր հաշվառված են քաղաքում, այդ թվում՝ նորածինները։ «ՉԻ» – Իշխանություններն, իհարկե, համեմատաբար ազնիվ են գտնվել՝ ընտրացուցակներում ներառել են միայն մարդկանց։ Կարող էին ներառել նաև շներին, կատուներին, ճնճղուկներին և այլն։ Վերջին հաշվով՝ նրանք էլ են Գյումրիում ապրում։ Իսկ ընդհանրապես՝ երեխաներին ցուցակներում ընդգրկելը ոչ միայն լավ գաղափար Է, այլև տնտեսապես արդարացված։ Չափահասները հազիվ թե համաձայնվեն հինգ հազարից քիչ գումարով «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, իսկ ահա երեխաներին կարելի Է գումարի փոխարեն ադի-բուդի տալ, չուպա-չուպս կամ նույնիսկ սնիկերս։ Դա, ի դեպ, ոչ միայն հավելյալ «այո-ներ կբերի իշխանություններին, այլև Էապես կանդրադառնա մանրածախ առևտրաշրջանառության ծավալների վրա»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեծամասնական ընտրակարգով ընտրված մանդատ ստացած պատգամավորների գերակշիռ մասը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով նախօրեին հավաքվել է ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակում: Օլիգարխ-պատգամավորներին, որոնց մի մասը ՀՀԿ-ն է ներկայացնում, իսկ մյուս մասը` ԲՀԿ, կամ էլ իբր թե անկախ են, «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը հասկացրել է, որ «անկախ» ԲՀԿ-ականների հետագա ճակատագիրը կախված է այն բանից, թե նրանք ինչ արդյունքներ կապահովեն դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ: Պատգամավորներին հանձնարարվել է, որ յուրաքանչյուրն իր ընտրատարածքի մարզպետի (Երեւանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի) հետ համաձայնեցնի, թե ինքը որ տեղամասերի արդյունքների համար է պատասխանատվություն կրում: Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին ուղղակի ասել է, որ ինքն ըստ այդ «բաժանման» է պատգամավորներից հանրաքվեի արդյունքների հետ կապված հաշիվ պահանջելու»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հակամարտությունը հասավ ԱԱԾ: Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր լուր, ըստ որի՝ ՀՔԾ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել էին, քանի որ նա անցնում է ՀՔԾ-ում կաշառքի գործով: Հայտնի էր դարձել, որ Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մտերիմներից է, եւ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել «վրեժխնդրությունից» դրդված: Հարուցված գործի հիմքում կալանավորի ապօրինի ձայնագրված հեռախոսային խոսակցություն է, որտեղ կալանավորը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային, 30 հազար դրամանոց համազգեստից մի հատ կտաս: Պետը գնացել, վերցրել է համազգեստը եւ տարել տուն: Գեւորգ Կոստանյանն էլ այս հրապարակումից ՀՔԾ-ում կարճված գործը վերացնել տվեց եւ պատրաստվում է ուղարկել ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի այնտեղ օբյեկտիվ քննեն դեպքը: Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվում: Մեզ հաջողվեց պարզել, որ դատախազը նաեւ «Հրապարակ» օրաթերթում հրապարակված տեղեկության արտահոսքի հետքերով է գնում, եւ ԱԱԾ-ում նախաքննության գաղտնիքի հրապարակման գործով ՀՔԾ քննիչի, գործը հսկող դատախազի հարցն է դրված: Ասել է թե՝ ԱԱԾ-ն պետք է պարզի՝ նրանցից ով է եղել տեղեկության արտահոսքի պատճառը: Այս պատմության մեջ թերեւս ամենաաղմկալի փաստն այն է, որ այս գործը հսկող դատախազը հոկտեմբերի 23-ին աշխատանքից ազատված դատախազության ավագ դատախազ Կարեն Բատիկյանն է: Կարծես թե կամաց-կամաց հայտնի է դառնում Կարեն Բատիկյանի աշխատանքից ազատման հնարավոր վարկածներից մեկը եւս»: