23.11.2024
Մամուլի տեսություն.
prev Նախորդ նորություն

Doing Business-ը Հայաստանի մասին. աճ վարկանիշում, ոչ թե տնտեսությունում

Համաշխարհային բանկի Doing Business-2016 վարկանիշը, որը բարձր գնահատակ է տալիս Հայաստանում բիզնես գործունեություն ծավալալելու բարենպաստ պայմանների համար, քիչ է արտացոլում այն իրավիճակը, որն այսօր տիրում է երկրում: Մի շարք տնտեսագետների և գործարարների կարծիքով, Doing Business վարկանիշը՝ ուղղակի չափորոշիչների համակարգ է, որը զուտ սիմվոլիկ բնույթ է կրում:

Ինչպես EADaily-ի հետ զրույցում նշել է նախկին գործարար, իսկ այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր, խոշոր սեփականատեր Գուրգեն Արսենյանը, Doing Business-ի վարկանիշն իր գնահատականներում երբեք հաշվի չի առնում այպիսի առանցքային գործոն, ինչպիսին է աշխատանքի արտադրողականությունը: Տվյալ վարկանիշը երբեք հաշվի չի առել այնպիսի չափանիշ, ինչպիսին է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն: «Այդ չափանիշները բացակայում են: Համապատասխանաբար, անգամ եթե հեշտացված է գործընթացը, օրինակ, շինարարության թույլտվությունը, դրանից շինարարության ծավալը հայկական տնտեսությունում հաստատ չի աճում, իսկ արդյունավետության մասին խոսելն ավելորդ է»,-նշել է Արսենյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակված բիզնես գործունեության ծավալման բարենպաստության մասին զեկույցում Հայաստանը գտնվում է լավագույն երկրների ցուցակում՝ 189 երկրների ցուցակում հինգերորդն է, իսկ սեփականության գրանցման տեսանկյունից զբաղեցնում է 14-րդ տեղը: «Երևանում, բիզնես գրանցելու համար, գործարարից պահանջվում է երեք օր: Այդ ցուցանիշը համապատասխանում է Դանիայի ցուցանիշին: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ սեփականության գրանցումը միջինը զբաղեցնում է 48 օր, ՀՀ-ում այդ ցուցանիշը կազմում է յոթ օր», - նշված է զեկույցում:

Գուրգեն Արսենյանի կարծիքով, եթե համեմատելու լինենք ՀՀ-ը Դանիայի հետ առանցքային չափանիշներով, ապա պետք է նշել, որ աշխատանքի արտադրողականությունն այդ սկանդինավյան երկրում մի քանի անգամ գերազանցում է ՀՀ-ի ցուցանիշը: "Doing Business-ի ցուցանիշը միայն երկրի ներուժի գնահատականն է: Սակայն ամենագլխավորը և ՀՀ-ի պարագայում ամենախնդրահարույցն այդ ներուժը կյանքի կոչելն է",-նշել է նա:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանում պայմաններն իրենց գրավչությամբ շատ հեռու են Դանիայից: «Համակարգային կոռուպցիայի, մենաշնորհների, վատ մենեջմենթի, բնակչության տոտալ աղքատության և տնտեսական անկման պարագայում, խոսել դիրքերի որոշակի բարելավման մասին առնվազն տարօրինակ է»,-նշել է նա:

Նույնակարծիք է նաև տնտեսական մեկնաբան, Արմինֆո տեղեկատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանը: Նրա խոսքով բիզնեսի գրանցման ընթացակարգի տեսանկյունից մեծ աշխատանք է իրականացվել, առկա է զգալի առաջընթաց, ինչն ակնհայտ է: «Այլ բան է, որ մեր խնդիրները գտնվում են օրենսդրության իրականացման, մենաշնորհների առկայության, տոտալ կոռուպցիայի, տնտեսությունում ոչ ֆորմալ հարաբերությունների, ստվերային պայմանավորվածությունների մեջ, ինչն իր հետքն է թողնում ու դեռ երկար ժամանակ թողնելու է երկրում տնտեսական վիճակի վրա»,-նշել է վերլուծաբանը:

Մկրտչյանի խոսքով ՀԲ-ի, ԱՄՀ-ի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետների հայտարարության մեջ վերջին շրջանում հնչում են նաև քննադատական գնահատականներ:

«Կոռուպցիան, մոնոպոլիաները, անկախ դատական համակարգի բացակայությունը շատ են մտահոգում մեր արտասահմանյան գործընկերներին: Մենք ունենք բարդ հարկային օրենսդրություն, որը շատ հաճախ փոփոխվում է, մենք ունենք բարդ հարկային վարչարարություն: Այստեղից էլ անհամապատասխանությունն է բիզնեսի իրականացման հեշտացված ընթացակարգերի ու տնտեսությունում առկա բարդ խնդիրների հետ, համակարգային վերքերի, ես կասեի անգամ համակարգային մետաստազների», - ասաց Մկրտչյանը: