ԵՄ-ն առաջարկել է Թուրքմենստանին գազ մատակարարել Եվրոպային Հարավային գազային միջանցքով` օգտագործելով Ադրբեջանի տարածքը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի բյուջեի ու մարդկային ռեսուրսների կոմիտեի անդամ Գյունտեր Էտինգերը:
Նա նշել է, որ Ադրբեջանն ունի համապատասխան ենթակառուցվածքներ: Վվերջնական որոշումը պետք է կայանցնի Թուրքմենստանը:
ԵՄ-ի համար կարևոր է ունենալ ՌԴ-ի հսկողությունից դուրս ու ռուսական տարածքը շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցք: Այդ միջանցքներից մեկն էլ կարող է անցնել Կասպից ծովով` այն պարագայում, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ արդեն առկա է համաձայնություն:
Թուրքմենստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի լոբբինգով կարող են կյանքի կոչել Կասպից ծովի հատակով Տրանսկասպյան գազամուղը, որի միջոցով թուրքմենական գազն ադրբեջանական գազամուղներով կարող է արտահանվել Թուրքիա, այնտեղից ՝ ԵՄ:
Փաստորեն, Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան միջանցքի կյանքի կոչումը բխում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գեոպոլիտիկ շահերից: ԵՄ-ն ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից կասպյան էներգակիրների միջոցով, իսկ Ադրբեջանն այն երկիրն է, որը պատրաստ է թուրքմենական և ղազախական էներգակիրների համար տարանցիկ միջանցք դառնալ:
Տրանսպորտային, էներգետիկ կապերի հաստատումն Ադրբեջանի հետ Թուրքմենստանի համար կարևոր այլընտրանք է ռուսական, իրանական ուղղություններին։
Թուրքմենստանը ցանկանում է Կասպից ծովի տարածաշրջանում վերածվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա՝ TRACEKA միջազգային տրանսպորտային-կոմունիկացիոն միջանցքի կարևորագույն օղակի և Մերձկասպյան տարածաշրջանի յուրօրինակ դարպասների Նոր մետաքսե ճանապարհի վրա:
Բացի ԱՄՆ-ից ու ԵՄ-ից, այդ էներգետիկ-տրանսպորտային միջանցքը բխում է նաև Անկարայի շահերից` պանթուրքական ռազմավարությունից ելնելով:
Անկարայի համար կարևոր է ունենալ անխափան միջանցք Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ղազախստան ու Թուրքմենստան։ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի գործարկումից հետո ակտիվանալու է երկու տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ադրբեջանը վերածվելու է Արևելք–Արևմուտք ուղղությամբ կարևոր միջանցքի։
Առաջինը Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Ղազախստան, այսպես կոչված Տրանսկասպյան միջանցք` ելքով դեպի Չինաստան, ինչպես նաև նախորդ շաբաթ ստորագրված Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Թուրքմենստան–Աֆղանստան ուղղությունն է, ինչը թույլ կտա Անկարային դուրս գալ Կենտրոնական Ասիա` թյուրքական ու իսլամական մի ահռելի տարածաշրջան, ինչպես նաև Աֆղանստան: