Հայաստանը պլաններ չունի Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվելու. վարչապետ
Հայաստանը Սիրիա է ուղարկել հումանիտար առաքելություն: Հայաստանը պլաններ չունի Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվելու: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա հայտարարությունը, թե անհրաժեշտության դեպքում Հայաստանը նաև ռազմական գործողություններին մասնակցի Սիրիայում:
Վարչապետի խոսքով, հարկավոր է պարզել, թե ինչ հարց է հնչել և ինչ համատեքստում է Տոնոյանը նման մեկնաբանոււթյուն արել:
«Սիրիա մենք ուղարկել ենք հումանիտար առաքելություն: Հայաստանը պլաններ չունի Սիրիայում ռազմական գործողություններին ներգրավվելու»,- հավելեց Փաշինյանը:
Նշենք, այսօր ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակեց Պետքարտուղարությանն դիրքորոշումը Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու վերաբերյալ.
«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:
Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:
Հիշեցնենք, փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):