24.11.2024
Փաշինյանն իր խորհրդականից պահանջել է պարզաբանել Տեր-Պետրոսյանի մասին Facebook-յան գրառումը
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանպաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները:


Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:


Աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահը կայցելի նաև Գերմանիայի հնագույն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ներկաների հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանն այցի ընթացքում կհանդիպի նաև գիտական և գործարար շրջանակների հետ, կայցելի Եվրոպական հարավային աստղադիտարան (European Southern Observatory), որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է: