ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդական Սրբուհի Ղազարյանից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին նրա ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և կառավարության կարծիքը:Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ:
Կարապետյանը հավելել է նաև, որ վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: «Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,-ասվում է վարչապետի մամուլի քարտուղարի գրառման մեջ:
Ավելի վաղ Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր էր ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․«Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն 3 հարցի պատասխանը պետք է տա՝
1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:
2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել (ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների) այսպես ասված լույսի անջատման դիմաց:
3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «բեզօգովոռոչնայա կապիտուլացիա»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր պաշտոնյա դարձած ակտիվիստների գործողություններից ու վարքից։
«Այսօր մենք ունենք մի երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր և ակտիվիստը մտածում ա, թե ինքը պետք ա գործի նույն կերպ, ինչպես նախկինում: Էս ավելի շատ վերաբերում ա մեր հատվածին, որ էդ էլ հաջորդ կոմպլեքսն ա, չմտածեք, էլի, հանկարծ, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել, ես, ճիշտ ա, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ, բայց ես շարունակում եմ ընդդիմադիր մնալ էն ընդդիմադիր տրամաբանությամբ»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ինքը չի կարող այլևս հանդես գալ այնպես, ինչպես նախկինում, և դա չի նշանակում, որ ծախված է մութ ուժերի։
«Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ով ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է սա գիտակցի»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում պրոբլեմ է: