ԱՄՆ-ն չի պաշտպանում ՀՀ և ՌԴ միջև համագործակցությունը Սիրիայում առաքելության նպատակով
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:
Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանում:
Հիշեցնենք, փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան։ Նա նաև հայտարարեց, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եթե լինի անհրաժեշտություն, ապա նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։
«Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», - ասել էր Տոնոյանը։