VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարության վարկանիշի անկման ֆոնին սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունների ջանքերը՝ դիրքավորվելու ապագա քաղաքական մարտերում: «Փաստի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը այդ պայքարը տարբեր մեթոդներով փորձում է կառուցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ: Հենց այդ նպատակով այս օրերին Կարապետյանի վերադարձի շուրջ տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Մեր աղբյուրների պնդմամբ, ներկայումս քաղաքական դաշտում փորձ է արվում գեներացնել հիմնականում երիտասարդական սպեկտորն ու լայն լսարան ունեցող անհատներին: Նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ քաղաքական դաշտում լինի Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ՝ առանց ՀՀԿ–ի անփառունակ փաթեթավորման: Ի դեպ, ասում են, որ Կարապետյանը հավասարապես ընդունելի անձ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար, հետեւաբար նրա շուրջ կարող են ապագայում անսպասելի դաշինքներ ձեւավորվել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, որովհետեւ դրանում չի տեսնում տնտեսական հեղափոխության իրականացնելուն ուղղված կոնկրետ քայլեր: Արդյոք Ծառուկյանի այս որոշումը նշանակում է, որ նա հետ կկանչի կառավարությունում իր կողմից նշանակված փոխնախարարներին եւ փոխմարզպետներին, որոնց մի մասը ԲՀԿ-ական է եւ ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը հրապարակային հայտարարություններով պարբերաբար տհաճ անակնկալներ է մատուցում` նրան դնելով անհարմար դրության մեջ: Ու տպավորություն է, որ վարչապետը պարզապես կրակն է ընկել այդ թիմի ձեռքը: Արդեն մի քանի օր է՝ քննարկման թեմա է դարձել համացանցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումները, ավելի ճիշտ` վիրավորական արտահայտությունները, ՀԱԿ ներկայացուցիչերի հասցեին: Երեկ նրան միացավ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, որն էլ Ղարաբաղ կոմիտեի անդամներին անվանել էր ԿԳԲ գործակալներ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ, ընդ որում՝ արձագանքը բավական խիստ էր: Նա խորհրդականից այդ խոսքերի համար պարզաբանումներ է պահանջել: «Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում եւ խոսքում պետք է հետեւեն կառավարության դիրքորոշումներին եւ մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- տեղեկացրել է Փաշինյանի խոսնակը: Երեկ` ավելի վաղ` կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ չի կարող այդ կարգավիճակում խոսել այնպես, ինչպես առաջ: Մինչ այդ նկատենք՝ սա առաջին նման դեպքը չէր. թավշյա հեղափոխությունից հետո կառավարությունում պաշտոն ստացած մի քանի հոգի հրապարակային հայտարարություններում անցել էին թույլատրելիի սահմանը եւ ստիպված եղան աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել: Սակայն տեղի ունեցածը կարծես դաս չեղավ թիմի մյուս անդամների համար. նրանք մոռացել են այդ ամենը, մինչդեռ ճիշտ կանեին, եթե հիշեին պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում Փաշինյանի ելույթի հատվածը, երբ խորհուրդ էր տվել խոսելուց առաջ մտածել: Հիմա այս խորհուրդի կարիքն ունեն հենց նրա կողմնակիցները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, եւ պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն եւ գնան ստուգելու որեւէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն, փաստորեն, դուք մինչեւ ստուգելն արդեն որոշել եք»։ Փաշինյանի թիմակիցները համոզված են, որ վարչապետի խոսքն ուղղված էր Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ում աշխատանքից թիմում դժգոհ են եւ նշանակելու համար զղջացել են, իսկ հանելը խնդրահարույց է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հարկային օրենսգրքին, հատկապես՝ փաստաբաններին հարկելու մասով: «Իմ քայլ»-ում մի քանի նախկին փաստաբաններ կան, որոնք իրենց համքարության թասիբին են կանգնել․ «Դուք չգիտե՞ք, թե իրական ստվերը որտեղ է, որ եկել-հարկում եք փաստաբաններին»: Այս հարցերի մասով ընդհանուր եզրակացությունն այն է եղել, որ այս տեսքով օրենսգիրքն ընդունել հնարավոր չէ՝ պետք է մտածել անցումային ինչ-ինչ մոտեցումների մասին, վերամշակել այն, այլապես ողջ հարկվող դաշտը կդարձնեն իրենց թշնամի: Ի դեպ, «Խորհրդարանական կառափնարան» պայմանական անունն ստացած այդ հանդիպումներին չի մասնակցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Սակայն ներկա է նրա աչք-ականջը` խորհրդական Վահան Կոստանյանը, որը պատգամավոր չէ եւ արդյոք կարո՞ղ է մասնակցել ֆրակցիայի նիստերին, թե ոչ՝ չգիտենք»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Նիստերը վարում է ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ երկու իմքայլական փոխխոսնակները` Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, պարտաճանաչ ներկա են: Ի դեպ, անցած անգամվա աղմուկից հետո այս անգամ պատգամավորներին զգուշացում չի եղել` լրագրողների հետ չշփվելու. «Կարող ենք շփվել»: Իսկ վելուծական, արագ արձագանքման խմբերը, որ ստեղծվելու էին, արդեն գործի՞ են անցել։ «Դեռ ոչ»:
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղավորված ԱԺ յոթերորդ գումարման փոխնախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում թերեւս ամենազբաղվածներից մեկն է: Իհարկե, ոչ թե ազգի դարդերով խորասուզված, այլ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքներով: Նրա աշխատասենյակը, որն ունի նաեւ նախասրահ, դեռ կահավորված չէ, միայն ավարտել են պատերի եւ դռների վերանորոգումը: Եվ ընդհանրապես, խորհրդարանում տեղափոխվել-տեղավորվելու գործընթացը շարունակվում է, անգամ ԱԺ աշխատակիցներն են խառնում, թե ով որ սենյակն է «բրոնյա» արել, ում ինչ կահույք են հատկացնելու եւ էլ որի խելքին կփչի երկրի առջեւ ծառացած խնդիրների ֆոնին՝ զբաղվել աշխատասենյակի վերանորոգմամբ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին: Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն: Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման եւ Սփյուռքի հետ կապերի ոլորտներում: Միայն թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բավական կոշտ է հակադարձել ՀՅԴ-ին. ««Դաշնակցությունը» թող հիշի, թե իր ներկայացուցիչը քանի տարի է ղեկավարել այդ ոլորտը, եւ ինչպիսի քարուքանդ վիճակ է: Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի»: Ինչ վերաբերում է իշխանության թեւերի հավասարակշռվածության խնդրին, Հարությունյանը նշել է, թե իրենք էլ են այդ տեսակետը կիսում. «Պարզապես պետք է մեխանիզմներ գտնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Սարգսյանին մոտ կանգնած մեր աղբյուրը` նաեւ որոշ մանրամասներ հաղորդելով: «Նախիջեւանի երկաթգծի քանդման, «վաճառքի» հետ կապված՝ Սերժ Սարգսյանը քննչականին ասել է` հա, հասկացանք, ես վնասատուն եմ, իսկ տուժողն ո՞վ է։ Իրեն չեն արձագանքել, քանզի տուժողն Ադրբեջանն է»: Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկաթգծերի վաճառքի գումարին այն օրերին զենք է գնվել բանակի համար. «Բոլոր դեպքերում, չի բացառվում, որ վերջնահաշվում Սերժ Սարգսյանը կարող է եւ կալանավորվել՝ կարծես ամեն բան դրան է տանում»: Ի՞նչ հիմքերով։ «Հիմք չկա, մնացածներին որ կալանավորել են, հիմքեր կա՞ն, իշխանությունները ռեյտինգային ահավոր մեծ անկում են գրանցում, նոր շոու է պետք, իսկ նման շոու միայն այդ դեպքում կարող են ապահովել»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում շրջանառվող լուրը, թե ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին պատրաստվում են պաշտոնանկ անել, պարզվում է, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում են «Փաստի» աղբյուրները՝ հավելելով, որ վարչապետը գոհ է Անանյանի աշխատանքից, իսկ պարգեւավճարների շուրջ աղմուկը Փաշինյանը համարում է ուղղորդված, քանի որ տասնյակ այլ գերատեսչություններում եւս նմանատիպ պարգեւավճարներ են տրվել: Այս պարագայում պարզապես ակտիվացել են ՊԵԿ-ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցող մի շարք անձինք եւ փորձել են պղտոր ջրում ձուկ որսալ: Մեր տեղեկություններով, առաջիկայում իրականացվելիք հարկային բարեփոխումների պատասխանատվությունը դրված է Անանյանի վրա, ուստի այս փուլում նրան փոխարինող գտնելու հարց պարզապես չի քննարկվում»:
«Փաստ» թերթը գրում է. «Դեկլարատիվ բնույթի հայտարարություններից անցումը կոնկրետ արդյունքների, կարծես թե, այնքան էլ չի ստացվում: «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, իշխանություններին պարբերաբար զեկուցվում են օրեցօր աճող արտագաղթի եւ տնտեվում են օրեցօր աճող արտագաղթի եւ տնտենի որ իրենց կողմից հռչակած տնտեսական հեղափոխությանը, բացի ֆեյսբուքյան մեկնաբաններից, արձագանքներ չկան: Բանն այն է, որ վարչապետի՝ պարբերաբար հնչեցվող ներդրումային դաշտի թափանցիկության եւ ՀՀ–ում կոռուպցիայի վերացման մասին հայտարարությունները արդեն վստահություն չեն ներշնչում եւ, ըստ «Փաստի» աղբյուրների, Փաշինյանը հույսը դրել է լոկալ, տեղական հայրենասիրության ֆոնի ներքո ներդրումներ ներգրավելու վրա եւ մարզպետներին հանձնարարել է մարզերում կատարել խորքային ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե տվյալ մարզում ՀՀ սահմաններից դուրս ապրող ինչ գործարարներ կան, եւ, ըստ այդմ, յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանքներ տանել, խնդրել, որ մարզերում գումարներ ներդնեն: Այս հարցում վարչապետը մեծ հույսեր է կապում հատկապես Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանի եւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: Ի դեպ, Ղուկասյանը նեղ շրջապատում դժգոհել է՝ ասելով, թե «վարչապետն իրեն ուղղակի կրակն է քցել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՊԵԿ նախագահը հայտարարեցին, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին կտրամադրվեն 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով, սակայն մի քանի օր է, ինչ նոր ՀԴՄ-ների շահառուները ահազանգում են, որ չեն կարողանում 60 հազար դրամով ձեռք բերել ՀԴՄ սարքերը։ Տնտեսվարողների խոսքով՝ իրենց հարկայինից ուղարկում են ՊՈԱԿ, իսկ ՊՈԱԿ-ից հետ՝ նորից հարկային, որտեղից պատասխանում են, որ իրենք դեռ հրաման չունեն սարքերը 60 հազար դրամով տրամադրելու։ Խնդիր է առաջանում նաեւ նոր ՀԴՄ սարքերը 160 հազար դրամով գնողների դեպքում։ Նրանց դեպքում ավել գումարը, այսինքն՝ 100 հազար դրամը պետք է հետ փոխանցվի տնտեսվարողի հաշվին, սակայն մինչ օրս փոխանցումները չեն արվել՝ պատճառաբանությամբ, թե բյուջեում առայժմ փող չկա»։