Հայաստանն օգնում է Ռուսաստանին «Արևելյան գործընկերություն» ծրագրի «շտկման» հարցում․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը «Комсомолськая Правда»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Բելառուսի մասնակցությունը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին՝ նշելով, որ երկու դաշնակից երկրներին չվստահելու պատճառ չունեն:
«Մենք ըմբռնումով ենք վերաբերում մեր հայ և բելառուս գործընկերների հետաքրքրությանը՝ մասնակցելու ծրագրի, որը նրանք դիտարկում են որպես ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն, այդ թվում՝ իրենց երկրներում տնտեսության կայուն զարգացման ապահովման համար: Նրանք մեր հուսալի դաշնակիցներն են, մենք հիմք չունենք նրանց չվստահելու», - ասել է Կելինը:
Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենը չի թաքցրել, որ Ռուսաստանը ոչ միանշանակ է ընկալում «Արևելյան գործընկերություն» ծրագիրը՝ Բրյուսելի «գեղեցիկ խոսքերի» տակ որոշ այլ նպատակներ ու փորձեր տեսնելով:
Ըստ Կելինի՝ ԵՄ-ն ձգտում է ՌԴ-ին մոտ երկրներին դնել ընտրության առաջ՝ կա՛մ լինել Ռուսաստանի հետ, կա՛մ Արևմուտքի: «Նման փորձերի հետևանքները մենք ամբողջապես կարող ենք տեսնել Ուկրաինայի օրինակով», - ասել է պաշտոնյան: Նա նաև նշել է, որ Ռուսաստանն աշխատում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի «շտկման» ուղղությամբ, և այս հարցում ՌԴ-ին օգնում են հենց Հայաստանն ու Բելառուսը: