VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի ու քաղաքապետի հետ ամենօրյա շփում ունեցող պաշտոնյաները տարակուսած են` Հայկ Մարությանը, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, օրերով կարող է իրենց զանգերին չարձագանքել։ Նրանց ասում են, որ խիստ զբաղված է։ «Տարոնի ժամանակ էդպես չէր՝ օրվա ընթացքում անպայման արձագանքում, հետ էր զանգում»,- ասաց մեր զրուցակիցը: Բայց նա այլեւս ժամանակ չի գտնում անգամ մարզվել՝ ժամանակին գնում էր «Օրանժ» մարզահամալիր, որտեղ ընտանյոք հանդերձ մարզվում էին։ Միայն օրերս՝ երեկոյան ուշ ժամի գնացել է, շփվել մարզահամալիր եկած «հասարակ» քաղաքացիների հետ, հարցուփորձ արել, ափսոսանք հայտնել, որ հաճախ չի լինում, չի կարողանում վայելել նախկին ազատ կյանքի բերկրանքը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս կառավարությունում ջրային տնտեսության խնդիրների հետ կապված խորհրդակցության ժամանակ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե 2019թ. հաջողվել է 80 մլն դրամ գումար հավաքագրել: Ըստ մեր աղբյուրի՝ ոչ մի հավաքագրում էլ տեղի չի ունեցել, քանի որ գյուղացիները հրաժարվում են գումար վճարել, բացի այդ՝ համակարգում 10 միլիարդը գերազանցող պարտքեր կան, որի հետ համեմատած 80 միլիոնը ծիծաղելի գումար է: Այս համակարգում խայտառակ վիճակ է, և եթե կառավարությունը շուտափույթ քայլեր չձեռնարկի, ապա այս տարին կարող է աղետալի լինել ջրամատակարարման իմաստով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի սկզբին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները այդ երկրի խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավարության հետ: Փաստորեն, Արարատ Միրզոյանը գնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետքերով, ով այս ամիս էր այցելել Գերմանիա, որտեղ հանդիպել էր կանցլեր Անգելա Մերկելի եւ այլ պաշտոնատար անձանց հետ»:
«168 ժամ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ էր, որ խորհրդարանի լուծարումից հետո ՀՀԿ-ական գաղափարական թևը գործազուրկի կարգավիճակում չէր լինելու, քանի որ նրանց պատրաստվածության մակարդակն անգամ հեղափոխական իշխանությունները չեն վիճարկում։ Եվ ահա կարծես թե նրանք գտել են ակտիվ քաղաքական գործունեությունը կոնկրետ ոլորտային ուղղություններում աշխատանքի հետ համատեղելու զանազան տարբերակներ։ «168 Ժամի» տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում, որը կրթական հիմնադրամից վերածվում է կրթական կենտրոնի և իր գործունեությունը ծավալելու է ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններով։ Կոնկրետ Աշոտյանը զբաղվելու է արտաքին քաղաքական ծրագրերի հետազոտությունների համակարգմամբ։ Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանն էլ ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստվում են զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ Միևնույն ժամանակ՝ ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չեն հեռանում երկրի ակտիվ քաղաքական կյանքից՝ անցնելով յուրաքանչյուրն իրենց մասնագիտական գործունեության ծավալմանը, այլ շարունակում են իրենց ձեռքը պահել քաղաքական անցուդարձի զարկերակի վրա՝ իրենց կուսակցական գործունեությունը համատեղելով հարակից ոլորտների հետ։ Մեր այս տեղեկությունը «168 Ժամի» հետ զրույցում հաստատել է նաև Արմեն Աշոտյանը։ Մեր այն դիտարկմանը, թե՝ լուրեր էին շրջում, որ տեղափոխվում եք արտերկիր՝ աշխատելու նպատակով, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ արտերկրյա տարբեր հետազոտական կենտրոններից և միջազգային ինստիտուտներից աշխատանքի հրավեր ստացել է, բայց հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ որոշում է կայացրել, որ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը, հետևաբար՝ նաև աշխատանքը Հայաստանում։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1–ի գործով ՀՔԾ–ում հարցաքննվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը: Ըստ ստացված տեղեկատվության, հարցաքննությունը տեւել է մոտ մեկուկես ժամ: Թերթի տեղեկություններով, իրականում այդ «հարցաքննությունը» ավելի շատ կրել է ձեւական բնույթ, որպեսզի հանրության մոտ հակառեակցիա չառաջանա, քանի որ Մարտի 1–ի գործով կարեւոր դերակատարներից մեկը Տեր–Պետրոսյանն է, իսկ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավումն այս գործում, առավել եւս՝ կալանքը, մի տեսակ քաղաքական հաշվեհարդարի տպավորություն են թողնում շատերի մոտ: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս «շոուն» կազմակերպվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որպեսզի զերծ մնան ավելորդ ինտրիգներից: Իրականում առաջին նախագահի հետ ՀՔԾ–ում մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ թեթեւ կոնսուլտացիոն զրույց է տեղի ունեցել»:
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները ֆեյքային գրոհ են սկսել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դեմ: Բանն այն է, որ ոմանց դուր չի գալիս այն հանգամանքը, որ վերջինս միշտ աչքի է ընկել տարբերվող կարծիքով՝ հաճախ դեռեւս «Ելք» դաշինքի ձեւաչափում կոշտ քննադատելով այս կամ այն հարցի շուրջ թիմակիցների տեսակետներն ու գործելաոճը: Ընդ որում, այդ ամենը նա արել է նաեւ հրապարակավ: Հիմա իշխանության ղեկին գտնվող նրա նախկին թիմակիցները, կարծես թե, «վրեժխնդիր» են լինում Զավենիչից՝ ամեն առիթով փորձելով «քլնգել» եւ անվանարկել նրան: Հետաքրքրական է, որ դա տեղի է ունենում հատկապես վարչապետին սատարող փակ խմբերում, որտեղ նախկին վարչապետին անգամ ծաղրում են եւ վիրավորում»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի վերաբերյալ խոսակցությունները: Նշվում է, որ առաջիկայում հնարավոր է Հայաստան վերադառնա ՀՀ քաղաքական դաշտի ամենայուրահատուկ կերպարներից մեկը: Թերթի տեղեկություններով՝ սա արվում է իշխանության վերին էշելոնների ցուցումով. սա մի յուրահատուկ «թեսթ դրայվ» է, որով փորձ է արվում ստուգել հանրության ռեակցիան Վանոյի վերադարձի պարագայում: Պատահական չէ, որ իշխանություններին սատարող ՖԲ ակտիվի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար մեջբերում են Սիրադեղյանի գրառումներն ու հրապարակում նրա պատմվածքներն ու արդեն աֆորիզմ դարձած տարբեր արտահայտությունները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որոնք ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը. նրանք են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն է հայտնել Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը, սակայն, բախվել է սահմանադրական արգելքի հետ. վերջին տասը տարում չի բնակվել Արցախում: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել ԼՂՀ սահմանադրությունում փոփոխությունների հավանականությունը: «Ինչքան գիտեմ, կա սահմանադրական կարգ, թե ինչ փոփոխություններ կարելի է մտցնել: Այդ ամենը պետք է պարզապես իրավապահների սահմանադրագետների հետ ճշտվի, եւ տեսնեն` ինչպիսի մեխանիզմներ կան…Պետք է օրենքը նայել եւ, ըստ օրենքի, տեսնել` ինչ փոփոխություններ կարելի է մտցել, ինչ ժամկետներում, ինչ է անհրաժեշտ դրա համար»: