Ժամանակն է Հայաստանը տարածքային մտածելակերպ որդեգրի. Վահե Դավթյան
Ժամանակն է դուրս գալ ներհայաստանյան կաղապարված մտածելակերպից ու տարածքային մտածելակերպ որդեգրել: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
«Մոսկվայի, Թբիլիսիի և շվեյցարական SGS-ի միջև 2011 թ.-ից ի վեր ընթացող բանակցություններում արձանագրված տեղաշարժն, իհարկե, հույս է ներշնչում, որ Հայաստանը լրացուցիչ ու տրանսպորտային-լոգիստիկ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից շատ կարևոր միջանցքով օգտվելու հարավորություն կստանա: Աներկբա է, որ Հարավային Օսիայի կամ Աբխազիայի տարածքով միջանցքների գործարկումը էապես կբարձրացնի Հայաստանի տրանսպորտային անվտանգությունը, հատկապես Վերին Լարսի բեռնաթափման տեսանկյունից:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ մաքսային վարչարարության և ապրանքների մոնիթորինգի մեխանիզմների կիրառման շուրջ այսօր ձեռքբերված համաձայնությունը ավելի շատ տեղավորվում է աշխարհաքաղաքական, քան կոմերցիոն տրամաբանության մեջ: Համաշխարհային առևտրային կազմակերպությանը անդամակցելու համար Ռուսաստանը ստիպված էր 2011-ին մտնել վերոնշյալ գործընթացի մեջ: Սակայն առ այսօր Մոսկվան սկեպտիկորեն է վերաբերում նախագծի վերջնական իմպլեմենտացմանը, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները անուղղակիորեն հայտարարում են, որ ձեռքբերված համաձայնությունը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ չունի որևէ իմպերատիվ բաղադրիչ:
Ավելին, համաձայնագրում որևէ խոսք չկա Հարավային Օսիայի և Աբխազիայի մասին, ինչը լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել բեռնափոխադրումների անվտանգ իրականացման համար, ինչի մասին բազմիցս խոսել են նշված դե-ֆակտո պետությունների իշխանությունները: Սակայն խնդիրն, ըստ իս, շատ ավելի լայն է ու միաժամանակ շատ ավելի խորքային: Այն կայանում է նրանում, որ նշված միջանցքները չունեն լուրջ աշխարհատնտեսական նշանակություն Ռուսաստանի համար, իսկ դրանց միջոցով ապագայում իրականացվող բեռնափոխադրումների ծավալները գրեթե աննշան կլինեն «երկաթուղային կայսրության» համար:
Մոսկվային շահագրգռելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ միջանցքներն ունենան ելք դեպի մեծ շուկաներ: Տվյալ դեպքում խոսքը կարող է գնալ Իրանի ու առհասարակ Պարսից ծոցի երկրների մասին, որոնց հետ տրանսպորտային կապ հաստատելու համար տարիներ շարունակ քննարկվում էր «Հայաստանի հարավային երկաթուղին», կամ նույն ինքը Իրան-Հայաստանը: Վերջինիս վերադարձը հայ-իրանական օրակարգ ու դրա ինտեգրումը ռուսական «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին այսօր կարևոր անվտանգային մարտահրավեր է Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով Քազվին-Ռեշտ-Աստարա ռուս-իրանա-ադրբեջանական նախագծի իրականացումը:
Ժամանակն է դուրս գալ ներհայաստանյան կաղապարված մտածելակերպից ու, ինչպես դասական աշխարհաքաղաքականությունն է սովորեցնում, «տարածքային մտածելակերպ» որդեգրել»,- գրել է նա: