28.11.2024
ՀՔԾ-ն թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին մեկնել երկրից. փաստաբան
prev Նախորդ նորություն

Փոքր Հայաստանի համար Դավոսի համաժողովը համաշխարհային տրամպլին է. Le Figaro

Փոքր Հայաստանի համար Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովը համաշխարհային տրամպլին է: Հայաստանի մասին հոդվածն այսպես է վերնագրել ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը, որը Դավոսում հանդիպել եւ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ինձ համար սա հնարավորություն է ներկայացնելու խոշոր միջազգային ներդրողներին այն հնարավորությունները, որոնք մեր երկրում ստեղծվել են թավշյա հեղափոխությունից հետո: Կարեւոր է միջազգային բիզնես-հասարակությանն ասել, որ ժողովրդավարական հեղափոխությունից հետո մենք իրականացնում ենք տնտեսական հեղափոխություն»,- ֆրանսիական պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը:

Le Figaro-ն նշում է, որ Փաշինյանը հաստատակամ է նոր հարկային օրենսգիրք ընդունելու, երկրում մենաշնորհներին վերջ տալու, կոռուպցիան վերջնականապես արմատախիլ անելու հարցում:

ՀՀ վարչապետը, մասնավորապես, ցանկանում է ներդրողների ներգրավել զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգիայի վերականգնվող աղբյուրների գործում: Ֆրանսիական պարբերականի հետ զրույցում նա նաեւ հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերին Երեւանում կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որին ներկա կլինեն հազարավոր մասնակիցներ ողջ աշխարհից:

Le Figaro-ն գրում է, որ Դավոսում Փաշինյանը հանդիպել է ոչ միայն e-Bay, Mitsubishi կամ Apple-ի նման խոշոր ընկերությունների, այնպես էլ տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: