23.11.2024
ՀՀ-Իսրայել հարաբերությունների ջերմացումը կհանգեցնի Իրանի սուր արձագանքին
prev Նախորդ նորություն

Չեմ կարծում, որ համանախագահների ծառայություններից հրաժարվելու ժամանակն է. Աբրահամյան

Նախօրեին Դավոսում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ նման հանդիպումներից և ինչո՞ւ են միջնորդները դուրս մղվում բանակցային գործընթացի նման կարևոր իրադարձություններից: VERELQ-ը զրուցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, հերթական հանդիպումը կայացավ, ի՞նչ կարելի է սպասել 1,5 ժամ տևած հանդիպումից:

-Ենթադրում եմ, որ քննարկումն այն սկզբունքների շուրջ է եղել, որի հիման վրա հնարավոր է վերսկսել բանակցությունները, հատկապես, որ համանախագահների վերջին հայտարարությամբ ֆիքսվել էր, որ կողմերի միջև՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխըմբռնում և փոխվստահություն կա: Մի փոքր բարդ է իմ համար պատկերացնել, թե ինչ վստահության կամ փոխըմռնման մասին է խոսքը, ինչևէ, հուսանք, որ հնարավոր կլինի գործընթացները կենտրոնացնել բանակցությունների շուրջ:

-Առանց ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումները արդեն կարծես թե սովորական են դառնում: Ինչի՞ մասին է սա վկայում, միջնորդների ջանքերն այլևս պետք չե՞ն:

-Ձևաչափի հարց է, որը տեղի է ունենում կողմերի համաձայնությամբ, չեմ կարծում, որ համանախագահների ծառայություններից հրաժարվելու ժամանակն է:

-«Պատրաստեք հասարակությունները խաղաղության» արտահայտությունը, որ վերջին օրերին պարբերաբար հնչում է անհանգստություն չի՞ առաջացնում Ձեզ մոտ:

-Միջնորդները պետք է ջանքեր գործադրեն Ադրբեջանում համակարգային այլատյացությունը վերացնելու ուղղությամբ: Չեմ կարծում, որ Հայաստանում կամ Արցախում նման կոչերի անհրաժեշտություն կա: Կրթական համակարգի մակարդակով թշնամություն և պատերազմի սպառնալիք միայն Ադրբեջանից է հնչում: Անհանգստությունս առավել գլոբալ բնույթի է, միայն գործընթացի ինչ որ էլեմենտով չի պայմանավորված:

-Հանդիպումներին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է ակտիվ վերադասավորումները առաջնագծում: Ի՞նչ իրավիճակ է այսօր շփման գծում, կա՞ էսկալացիայի վտանգ:

-Իրավիճակն այս պահին ընդհանուր առմամբ հանգիստ է՝ հրադադարի ռեժիմի խախտման իմաստով, սակայն Ադրբեջանի կողմից սպառազինությունների մեծածավալ գնումներն ու օրեցօր ավելացող ռազմական օբյեկտները վտանգավոր զարգացումների մասին են խոսում:

-Ի վերջո, նոր իրավիճա՞կ է բանակցային գործընթացում, թե այն շարունակում է մնալ առկախված վիճակում:

-Դեռ հստակ տեղեկատվություն չկա, թե ինչի շուրջ են բանակցում, կարևոր է հասկանալ, թե առաջիկայում բանակցությունների հնարավոր վերսկսումը ինչ փաստաթղթի ու սկզբունքների շուրջ է լինելու: Փակո՞ւմ ենք նախորդ փուլը, թե հիմք ենք ընդունում մինչև 2018 թվականն առկա փաստաթղթային բազան: Սրանք հարցեր են, որոնց պատասխանների առկայությունը միայն հնարավորություն կտա ստույգ մեկնաբանելու առկա իրավիճակը:


Զրուցեց Լիա Խոջոյանը