Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել։ Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը։ Նախորդ տարի, վերջին տարիների հետ համեմատած, այդ թիվն ավելի է նվազել։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 972.7 հազար էր։ Այսինքն՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 7 հազար 600-ով պակասել է։
Հայաստանը համարվում է ծերացող երկիր, քանի որ ՀՀ բնակչության մեջ ավելանում են կենսաթոշակային տարիքի մարդիկ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, եթե հասարակության մեջ ծերերի թիվն անցնում է ընդհանուր բնակչության 7 տոկոսը, երկիրը ծերացող է, իսկ մեզ մոտ ծերերի թիվը բնակչության 10,9 տոկոսն է:
Փաստացի, պատերազմի մեջ գտնվող ու ղարաբաղյան չլուծված խնդիր ունեցող ՀՀ-ում ժողովրդագրությունը պետք է լինի ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրը՝ նորագույն զենքերով բանակը համալրելու ու երկրի տնտեսական աճն ապահովելու հետ միասին:
ՀՀ-ն կանգնած է ժողովրդագրական աղետի առջև. դեպոպուլյացիայի երևույթները ակնառու են, արտագաղթի այսօրվա տեմպերի պահպանման պարագայում զինված ուժերը կանգնելու են համալրման լրջագույն խնդրի առջև, տնտեսությունը զգալու է երիտասարդ կադրերի կարիք, որոշ ոլորտներ ուղղակի կարող են կանգնել կադրային սովի առջև, իսկ հասարակության սեռա-տարիքային համամասնությունը կարող է հասնել այնպիսի բացասական հարաբերակցության, երբ երկրում մնացած տարեցներին, թոշակառուներին աջակցելու հույսը լինելու են արտասահմանում, օրինակ ՌԴ-ում գտնվող զավակները, քանի որ պետության տրամադրվող նպաստն ու թոշակը չեն բավականացնելու անգամ ֆիզիկական գոյությունը պահպանելու համար:
Պետբյուջեն համալրվում է հարկերից, որոնք վճարում են աշխատունակները, որոնք մեծ տեմպերով արտագաղթում են: Գյուղերի բնակչության ճնշող մեծամասնությունը թոշակառուներ են։ Արտագաղթն ու ցածր ծնելիությունը՝ սոցիալ-տնտեսական և այլ պատճառներով, շատ ցավալի են դարձրել մարզային ու գյուղական բնակավայրերի դեմոգրաֆիկ պատկերը: Սա նկատում են նաև ՀՀ-ի թշնամի երկրները, նրանց հետախուզությունները:
Ժողովրդագրությունն անհնար է շտկել կոսմետիկ մեթոդներով։ Ժողովրդագրական իրավիճակի կտրուկ բարելավումը ՀՀ ազգային անվտանգության առանցքային խնդիրներից է, եթե չենք ուզում ժողովրդագրական լեքսիկոնում տեսնել նոր «Армянский крест» հասկացությունը:
Հիշեցնենք, թե ինչ է նշանակում «Русский крест» հասկացությունը, որն օգտագործում են ժողովրդագիրները ՌԴ-ի ժողովրդագրական պատկերը ներկայացնելու համար: «Русский крест» (когда графически кривая рождаемости пересекается с кривой смертности населения). ՌԴ-ում ժողովրդագրության վրա ազդում են ցածր ծնելիության մակարդակը, ապահարզանների մեծ թիվը, մահացության մեծ տոկոսը՝ ալկոհոլիզմի, թմրանյութերի օգտագործումից, ՄԻԱՎ, ՁԻԱՀ, աբորտների թվից և այլն:
ՀՀ-ում ծնելիության վրա ազդում են սոցիալ-տնտեսական գործոնները, ինչպես նաև մեծ արտագաղթը: Ամուսնուլուծությունների թիվը վերջին տարիներին աճ է արձանագրել, իսկ ընտանիք կազմելու, ամուսնանալու տարիքը ավելացել է՝ եվրոպական չափանիշներին հասնելով, ինչն արտահայտվում է մեկ կամ երկու երեխա ունենալու միտումով, որը շատ դեպքերում չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրությունը:
ՀՀ-ն Եվրոպա չէ ու չի կարող իրեն թույլ տալ դասվել ծերացող (տողատակով հասկացիր՝ վերացող) ազգերի շարքին, դրա համար պետք է մշակել հստակ ռազմավարություն, կենացներից անցնել ռեալ գործողությունների: