24.11.2024
Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
prev Նախորդ նորություն

ՄՀՀ-ի տնօրեն պետք է լինի անձ, որը տիրապետում է ոլորտին և ոչ թե ձգտում պաշտոնի. Աղաբալյան

Հունվարի 31-ին տեղի է ունենալու «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը: Թեկնածուները շատ են, բայց արդյոք նրանք տիրապետում են ոլորտին ու ծանոթ են այն խնդիրներին, որոնց լուծում պետք է առաջարկեն, եթե ստանձնեն բաղձալի պաշտոնը: Ի վերջո, մրցույթին մասնակցելը հովանավորչությա՞ն, իներցիայի՞ հետևանք է, ինչի մասին վերջին օրերին շատ են խոսում, թե պրոֆեսիոնալ կարողությունները հասցեական ծառայեցնելու միտում:


VERELQ-ը զրուցեց տնօրենի մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած EX-production ընկերության տնօրեն Գևորգ Աղաբալյանի հետ: 


-Պարոն Աղաբալյան, ինչո՞ւ որոշեցիք հայտ ներկայացնել մրցույթին մասնակցելու համար:

-Մենք հստակ ծրագիր ունենք մարզահամերգային համալիրի արդիականացման հետ կապված և դա է գլխավոր պատճառը: Բավականին երկար մտորելու ժամանակ ունեինք, թե արդյոք ճիշտ է մասնակցելը, քանի որ ունենք մեր սեփական կազմակերպությունը, այսինքն այստեղ զուտ պաշտոնի խնդիր չէ: Արդյունքում, սակայն, մասնակցելու որոշում կայացրեցինք, քանի որ կարող ենք օգտակար լինել ՄՀՀ-ին, որը մեր ոլորտի կարևորագույն օբյեկտներից մեկն է:

-Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 20 թեկնածու, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:

-Կարծում եմ, հաղթելու շանսեր կան: Ես անձամբ հայտը ներկայացրել եմ վերջին օրերին և փաստաթղթերն ընդունող անձիք բավականին ուրախացան՝ նշելով այն հանգամանքը, որ մինչ օրս չեն ունեցել ոլորտին ծանոթ մարդու թեկնածություն:

-Դուք նշում եք, որ ծանոթ եք ոլորտին, ի՞նչ փորձի մասին է խոսքը:

-Մեր ընկերությունը շուրջ տաս տարի է գործունեություն է ծավալում հենց այդ ոլորտում՝ միջոցառումներ, համերգներ, պետական այցեր և այլն: Մենք բավականին մեծ փորձառություն ունենք, իրականացրել ենք նաև պետական մակարդակի միջոցառումներ ու այցեր, օրինակ, Հռոմի Պապի այցը Հայաստան, ՀՀ նախագահի ու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողություններ և այլն: Սա նշանակում է, որ մենք բավականին լավ ծանոթ ենք թե՛ ոլորտին, թե՛ առկա խնդիրներին ու բացթողումներին, և մեր ծրագիրը արդիական է ու իրատեսական:

-Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ Դուք նաև տեխնիկական լուրջ աջակցություն եք ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին թավշյա հեղափոխության օրերին՝ տրամադրելով տեխնիկա և այլն: Ճի՞շտ են լուրերը:

-Այո, իսկապես նման աջակցություն ցուցաբերել ենք և այս ամենը դրա տրամաբանական շարունակությունն է: Այսինքն, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ, որ այդ օրերին դուրս է եկել հարթակ, ունեցել է իրեն հուզող խնդիրներ ու դրանց լուծումներն է ակնկալել: Նույնը և մենք. ոլորտում տիրող իրավիճակը՝ պետական միջոցառումների մրցույթների մենաշնորհային կարգավիճակը, դաշտում ոչ լիարժեք մրցակցությունը մեզ ստիպեց, որ մենք միանանք շարժմանը և աջակցենք ամենօրյա ռեժիմով: Եվ ես մեծ հույս ունեմ, որ մենք իսկապես կունենանք արդար մրցակցային պայմաններով մրցույթ:

-Այսինքն, հավատո՞ւմ եք, որ հնարավոր է մրցույցը լինի թափանցիկ և մրցակցային առողջ պայմաններով:

-Այո, ես կարծում եմ, որ թափանցիկ ու արդար է լինելու մրցույթը և ավելի քան համոզված եմ դրանում: Հակառակը շատ ծանր կլինի ընկալել, հատկապես բարոյական առումով, քանի որ դժվար կլինի հավատալ, որ մեր երկրում արդարություն այլևս կարող է լինել:

-Մի քանի անգամ նշեցիք Ձեր ծրագրի մասին: Կբացեք փակագծերը՝ ինչպե՞ս եք պատկերացնում մարզահամերգային համալիրի արդիականացումը և, կարելի է ասել, վերակենդանացումը:

-Հիմնական սկզբունքը նա է, որ պետք է ապահովել գումարային զգալի հոսք մարզահամերգային համալիր: Սա, թվում է, պրիմիտիվ լուծում է, բայց դե դա է աշխատող ու արդյունավետ տարբերակը: Դրա համար առաջնային ՄՀՀ-ն պետք է տեխնիկապես համալրվի ու նորացնի տեխնիկական միջոցները, որոնք թույլ կտան համալիրին ավելի ճկուն լինել շուկայում: Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ բացի վարձակալության ծախսերից համերգը կազմակերպող կազմակերպությունը ստիպված է լինում տեխնիկա վարձակալել մասնավորից, ինչը էապես բարձրացնում է ինքնարժեքը: Այս իրավիճակը պետք է շտկվի առաջին հերթին: Եվ մենք կարող ենք դա անել, քանի որ լուծումը հստակ պատկերացնում ենք: