9.10.2024
Ի հակառակ Շարմազանովի` ՀՀԿ-ականների համար պայքարը ոչ թե գաղափարների, այլ անձերի միջև է
prev Նախորդ նորություն

Ռուս-թուրքական մերձեցում.Սպառնալի՞ք, թե նոր հնարավորություն Հայաստանի համար

2015թ-ի սկիզբը ազդարարվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների աննախադեպ սերտացմամբ, հատկապես տնտեսական ոլորտում: Միջազգային իրավիճակի վատթարացման ֆոնին Թուրքիան ցուցադրում է իր արտաքին քաղաքականությունում բալանսի տարրեր՝ չթաքցնելով իր հետաքրքրությունը ՌԴ-ի առաջնորդությամբ իրականացվող ինտեգրացիոն ծրագրերի, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, որին անդամակցում է նաև Հայաստանը:

ՌԴ-ի և Թուրքիայի փոխհարաբերությունների ապագան արդարացիորեն անհանգստացնում է հայ հասարակությանը, քանի որ անմիջականորեն առնչվում է ՀՀ-ի ազգային անվտանգության հիմքերին: Մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ դեռևս նախորդ տարի ահազանգում էին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած պետական այցի շրջանակներում Անկարայում ռուս-թուրքական էներգետիկ ոլորտում համաձայնագրի ստորագրման հետ կապված:

Երևանում ամերիկյան դեսպանատան կողմից ֆինանսավորվող կայքերը ավանդաբար սկսեցին ի ցույց դնել ռուս-թուրքական հարաբերությունների քաղաքական կողմը՝ սևացնելով գույները և հայտարարելով, որ այդ հարաբերությունները զարգանալու են ի վնաս ՀՀ-ի: Սակայն նույն այդ կայքերի էջերում թուրք-ամերիկյան սերտ հարաբերությունների մասին տեղեկատվություն չի հայտնվում: Այնպիսի ԶԼՄ-ներ, ինչպիսիք են <>-ը, Lragir.am-ը, 1in.am-ը և այլն կանխամտածված լռության են մատնում են այն փաստը, որ հենց ԱՄՆ-ի օգնությամբ Թուրքիան միջամտում է հարևան երկրների գործերին, ինչպես դա եղավ Սիրիայի դեպքում:

Իսկ Ռուսաստանը, ընդհակառակը, ապահովում է ՀՀ-ի սահմանների անվտանգությունը և մեծ ջանքեր է գործադրում Սիրիան փրկելու համար, որտեղից, այդ թվում ԱՄՆ-ի պատճառով, արտագաղթել են տասնյակ հազարավոր սիրիահայեր: Նախօրեին հայտնի դարձավ, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին կայցելի Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Հայ ժողովրդին ուղղված նույնիսկ այս ընկերության, բարեկամության և կարեկցանքի ժեստը վերոնշյալ ԶԼՄ-ների կողմից կներկայացվի կողմնակալ կերպով:

Պետք է նշել, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև անսահման փոխվսհատությունը չի կարող հենց այնպես ծագել, քանի որ Անկարան շարունակում է հանդիսանալ ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ: Դժվար է պատկերացնել, որ Կրեմլի հատկապես ռազմական էլիտան չի հիշում, որ ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգի կարևորագույն տարրերից մեկը տեղակայված է Թուրքիայի տարածքում՝ Մալաթիայի շրջանում, և ուղղված է ոչ միայն Իրանի ուղղությամբ, այլ հատկապես ՌԴ-ի և Կովկասում նրա ուժերի:

Սև ծովի ողջ ավազանում՝ Ղրիմը ՌԴ-ի միանալուց հետո, աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում ՌԴ-ի և Թուրքիայի ռազմավարական մրցակցությունը նոր ազդակ է ստացել: Ու հենց տնտեսական համագործակցությունն է հանդիսանում հակասությունները զսպող բավականին արժեքավոր գործոն:

Ինչպիսի գազային պայմանագրեր էլ չստորագրվեն երկու կողմերի միջև, ինչքան էլ չխորանան ՌԴ-ի և Թուրքիայի միջուկային ոլորտում համագործակցությունը, ՌԴ-ի նախագահը, ով իրեն դրսևորում է որպես խիստ պրագմատիկ գործիչ, չի արհամարելու ոչ միայն ռազմավարական դաշնակից Հայաստանի, այլ հենց ՌԴ-ի շահերը: Չպետք է մոռանալ Պուտինի կողմից դեռևս 2010թ.-ին Կազանում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին ուղղված խոսքը՝ հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան հակամարտության մասին. <<Ճանճերը՝ առանձին, կոտլետները՝ առանձին>>:

ՀՀ-ի քաղաքացիների համար ռուս-թուրքական հարաբերությունների ողջ խճանկարում պետք է պարզ լինի մեկ բան՝ ռուս-թուրքական բարեկամությունը միշտ ավելի անվտանգ է և հեռանկարային, քան ռուս-թուրքական պատերազմը: Եվ հենց այդ տասնյակից ավելի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ էլ ավելի շատ տուժել է հայ ժողովուրդը:

Երևանի արևմտամետ շրջանակներում լիովին բացակայում է այն գիտակցումը, որ բացի հայկական հարցից ՌԴ-ը և Թուրքիան ունեն ռազմավարական հակասությունների այլ հարթակներ: Ինչպես նաև նրանք ունեն անվտանգության և զարգացման հետ կապված ընդհանուր շահեր: Եվ հենց ռուս-թուրքական այս վերջին երկխոսության մասը պետք է հարուցի ՀՀ-ի հետաքրքրությունը՝ բացելով կառուցողական առաջարակությունների համար նոր դաշտ: Փնտրել հայկական շահ ռուս-թուրքական հակամարտությունում և սպառնալիք՝ ռուս-թուրքական գործակցությունում՝ ուտոպիա է, որը հրամցնում է ԱՄՆ-ը հայ հասարակությանը:
Ցեղասպանության 100-րդ տերելից. սպասել ԱՄՆ-ից անակնկալ, թե՞ հայացքն ուղղել իրական բարեկամներին
Հաջորդ նորություն next