25.11.2024
Ներդրումների խնդիրը ՀՀ-ում. Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է գործարարներին
prev Նախորդ նորություն

Իրանին հետաքրքրել են ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումները. ՀՀ դեսպանի հանդիպումը Թեհրանում

Հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:


ՀՀ դեսպանը և ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: ՀՀ դեսպան Թումանյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:


Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ վերջերս մամուլում Իրանի Գլխավոր շտաբի պետին վերագրվող հայտարարությանը, վերահաստատեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԻԻՀ-ն շարունակում զորակցել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:


ՀԻշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:


Նույն օրը հանդիպել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները: Հանդիպման ժամանակ համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գգործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը: Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցություններին ուժեղ ազդակ հաղորդելու համար:


Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարեւորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը: