ԱԳՆ-ն գրություն է հղել Ադրբեջանին` ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն գրություն է հղել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատուն, որում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի օդանավակայաններում էթնիկ պատկանելության պատճառով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի առնչությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը:
«Ադրբեջանական կողմը հերթական անգամ վստահեցրել է ռուս գործընկերներին, որ քայլեր կձեռնարկվեն խնդրի լուծման ուղղությամբ», - ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր այս խնդրին: Նա նշել էր, որ Ադրբեջանից էթնիկ նկատառումներով Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումը այդ մարդկանց իրավունքների կոպիտ խախտում է: «Ես այդ մասին մեծ քանակությամբ հաղորդագրություններ եմ տեսել, այդ թվում՝ սոցիալական ցանցերում: Տոնական օրերի ընթացքում նույնպես նման միջադեպ գրանցվել է, մենք նման միջադեպեր ֆիքսել ենք նաև նախկինում: Մենք պարբերաբար այդ հարցը դրել ենք Ադրբեջանի ղեկավարության առաջ, ասել ենք, որ նման դեպքերը, ցավոք, ավանդույթ են դառնում՝ սխալ և վատ ավանդույթ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ, որ հրավիրել է ադրբեջանական կողմի ուշադրությունը ստեղծված իրավիճակի անթույլատրելիության վրա: Մենք պահանջել ենք դադարեցնել այդ պրակտիկան: Այն չի համընկնում երկու երկրների բարեկամական հարաբերություններին»,- ասել է Զախարովան: