25.11.2024
ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա բարդությունները չեն խաթարի ռազմական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Լրատվական ռեսուրսների 90%-ը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին․ Փաշինյան

Հայաստանում լրատվադաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին, կամ մեզ ընդդիմադիր ուժերին։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլի վերջին շրջանի խնդրահարույց հրապարակումներին։ Վարչապետը տեսագրությունը վերնագրել է «Զրույց քաղաքացու հետ»՝ իր խոսքում նշելով, որ ամիսը գոնե մեկ անգամ նաեւ այս տարբերակով առկա խնդիրների մասին զրուցելու է քաղաքացիների հետ։


Խոսելով լրատվադաշտի մասին՝ Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո Հայաստանում սեփականության վերաբաշխում չի եղել, չի եղել նաեւ լրատվական դաշտում, ինչի առիթով ինքը շատ ուրախ է, բայց ուզում է արձանագրել, որ դաշտի 90 տոկոսը կամ պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին կամ իրենց ընդդիմադիր ուժերին։ Փաշինյանը նշեց, որ նախկին իշխանություններից հիմնականում երկու սուբյեկտի են պատկանում մի շարք լրատվականներ, բայց անուններ չտվեց․


«Ստեղծված իրավիճակը բացառիկ է, որովհետեւ, ըստ էության, ներկա իշխանությունները ֆինանսական եւ լրատվական ռեսուրսների չեն տիրապետում, որովհետեւ առկա ռեսուրսները կամ ազատ են, կամ մեզ ընդդիմադիր, որոնք էլ գտնվում են նախորդ իշխանության ներկայացուցիչների ձեռքին»,-մասնավորապես ասաց վարչապետը։


Նա ասաց, որ լրատվադաշտում տեղի է ունենում պրոցես, որ նախկին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվամիջոցներով փորձ է արվում ներկա իշխանությունը հանրապետականացնել․ «Ինչ է նշանակում հանրապետականացնել․ ասել, որ ոչ մի տարբերություն չկա, ասել, որ ահա այս իշխանությունն այնպիսին է, ինչպիսին նախկինը, եւ բերվում են անհերքելի փաստարկներ։ Ինչպե՞ս։ Ասում են՝ տեսեք՝ ՀՀԿ-ականները նույնպես երկու ականջ, մի քիթ, մի բերան ունեն, ներկաներն էլ ունեն, նախորդ վարչապետն էլ ուներ երկու աչք, երկու ականջ, մի քիթ, մի բերան, ներկա վարչապետն էլ ունի երկու աչք, երկու ականջ, երկու ձեռք, երկու ոտք, մի քիթ, մի բերան, նույնն է, բան չի փոխվել։ Ես հիմա պատկերավոր եմ ներկայացնում, բայց էությունը դա է»,-մեկնաբանեց Փաշինյանը՝ հավելելով, որ դա արվում է ցույց տալու համար, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները անիմաստ են, բան չի փոխվել երկրում։



Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քարոզչական այդ արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իր ընտանիքի եւ մերձավոր քաղաքական թիմի դեմ տեղի ունեցող քարոզարշավը՝ բերելով կոնկրետ օրինակ․


«Իմ որդին ծառայում է Հայաստանի զինված ուժերում: Էս փաստն առանձնապես ուշադրության կարիք չունի։ Բայց, հիմա նա եկել է արձակուրդ: Եվ հիմա դա առիթ է դարձել հակաքարոզչության, որ ո՞նց, վարչապետի որդին եկել է արձակուրդ: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ ՀՀ զինված ուժերի՝ առանց բացառության բոլոր զինվորները 6 ամիս ծառայելուց հետո գալիս են արձակուրդ, բայց, բնականաբար, տասնյակ հազարավոր զինվորների արձակուրդ գալը վերնագրերում չի հայտնվում, վերնագրերում հայտնվում է վարչապետի որդու արձակուրդ գալը: Կամ, իմ ընտանիքի անդամները կարող են մտնել խանութ, առօրյա առեւտուր անել՝ 5000 դրամի, 10000 դրամի, նույնիսկ 50000 դրամի, եւ դա դառնում է շատ մեծ փիառ իրադարձություն, որ վարչապետի ընտանիքի ճոխ եւ աննախադեպ առեւտուրը, եւ էսպես շարունակ: Սրա իմաստն է՝ ցույց տալ մարդկանց, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անիմաստ է, բան չի փոխվել։ Եւ հետեւաբար սա կարեւոր բազիս է, որ եթե ոչինչ չի փոխվել, ինչ տարբերություն՝ էս իշխանությունն է, թե նախորդը, գոնե նախկին իշխանությունները ընտրակաշառք էին տալիս»,- ասաց Փաշինյանը՝ բերելով մեկ այլ օրինակ․


«Պատկերացնում ե՞ք, նոր իշխանության ներկայացուցիչներն էլ են շոր հագնում, նույնիսկ խաշ են ուտում, նախկիններն էլ, բան չի փոխվել: Էսօրվա վարչապետն էլ է մեքենա նստել, նույնիսկ՝ զրահապատ։ Կամ՝ հեծանիվ է քշում, խայտառակություն է, բա մենք սե՞նց երկիր ենք, պատկերացնո՞ւմ եք, վարչապետն ուղղաթիռով տեղ է գնում, բա էշով պետք է գնա, էշն ավելի արագ է, ի՞նչ ինքնաթիռ, ձիով, սայլով։ Այ էդ ժամանակ կասեինք, որ բան է փոխվել։ Սա հուսահատության քարոզչություն է, որը հեղափոխությանը նախորդած տարիներին արվել է, որ բան չի փոխվի, յոլա գնացեք, եղունգ ունեք՝ գլուխ քորեք, արտագաղթեք եւ էսպես շարունակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: