24.11.2024
Պատգամավորները երդվեցին և ձևավորեցին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն լինելու է ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն. Ծառուկյանի խուսափողական պատասխանը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից, որպեսզի նոր ԱԺ-ում գործարարներ չլինեն, սակայն չի էլ հստակեցնում՝ իր ղեկավարած քաղաքական ուժն ընդդիմադիր, թե իշխանական դաշտում է գործելու:


Յոթերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր։ Ի դեպ այս արտահայտությունը նա սկսեց գործածել այն բանից հետո, երբ նրանք ոչ թե գործարար, այլ խոշոր սեփականատեր անվանեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


«Եթե պիտի մանդատից հրաժարվեի, իմ ժողովուրդը ձայն չէր տա։ Եթե հեղափոխությունից հետո հին ուժերը վերանում են, ուրեմն Ծառուկյանն այն վստահությունն ունի ժողովրդի մեջ, որ ձայնը տվեցին ու երկրորդ ուժը եղանք խորհրդարանում», - ասաց նա։


Լրագրողի հարցին՝ միգուցե այդ դեպքում մանդատից հրաժարվի, Ծառուկյանը հակադարձեց․ «Դու խի՞ ես տենց մտադիր՝ Ծառուկյանը մանդատից հրաժարվի, դա քեզ ի՞նչ ա տալիս, ես ուզում եմ հասկանամ։ Եթե մանդատից հրաժարվեի, իմ ժողովորդը ձայն չէր տա իմ կուսակցությանը, եթե հեղափոխությունից հետո բոլոր երկրներում ասենք թե բոլոր հին ուժերը վերանում են, ուրեմն Ծառուկյանն այն ներդրումը, այն վստահությունն ունի իր ժողովրդի մոտ, որ նույնպես կարողացան ձայնը տալու եւ երկրորդ լիարժեք քաղաքական ուժը լինելու։ Ես դա ասում եմ չհասկացողների համար»։


Ծառուկյանը հստակ պատասխան չտվեց հարցին՝ ԲՀԿ-ն կլինի ընդդիմությո՞ւն, թե՞ ոչ՝ նշելով. «ԲՀԿ-ն ժողովրդի ձայնն է խորհրդարանում։ Հետևողական ենք լինելու, որ այն ծրագրերն ու խոստումները, որ մեր ժողովրդին ներկայացվել են ու մեր ժողովուրդը ժպիտը դեմքին սպասում է, որ իրականացվի, այդ հարցերը բարձրացնելու ենք։ Ինչը օգուտ կտա մեր ժողովրդին, դրան կողմ ենք լինելու, որը հակառակը՝ դեմ ենք լինելու», - ասաց նա։