«Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ դրական կանխատեսմամբ
«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+»մակարդակում «Դրական» կանխատեսմամբ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործակալությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել էր Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն»-ից այն սահմանելով «Դրական»։
«Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը Երևան քաղաքի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարում է դրական միտում և այն դիտարկում որպես Երևան քաղաքի վարկունակության պատշաճ աստիճանը փաստող կարևոր հանգամանք։
Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության www.fitchratings.com պաշտոնական կայքում: