25.11.2024
Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը շարունակում է քննարկվել. Արշակյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի իշխանությունները գրող Այլիսլիին թույլ չեն տվել մասնակցել գրքի շնորհանդեսին

Ադրբեջանի իրավապահ մարմինների սահմանափակումների պատճառով գրող Աքրամ Այլիսլին չի կարողացել մասնակցել Վաշինգթոնում իր գրքի շնորհանդեսին:

Turan-ի թղթակցի հետ զրույցում գրողը պարզաբանել է, որ ԱՄՆ-ում անգլերենով հրատարակվել է նրա «Ցտեսություն Այլիս» գիրքը: Այս ժողովածուի մեջ ներառվել են «Եմեն», «Քարե երազներ», «Վիթխարի խցանում» եւ «Ցտեսություն Այլիս» վեպերը:

Գրողը նշել է, որ «Ցտեսություն Այլիս»-ը ոչ ավանդական վեպ է՝ բաղկացած երեք պատմություններից: Այն ադրբեջաներեով եւ ռուսերենով չի տպագրվել եւ առաջին անգամ հրատարակվել է անգլերենով: Հեղինակն այս ստեղծագործությունը «խոստովանանք» է անվանել:

Վեպը գրված է լիրիկական ոճով եւ փոխանցում է հեղինակի վերջին տարիների հոգեկան ապրումները, ով «Քարե երազներ»-ի հրատարակությունից հետո հալածանքների է ենթարկվել:

Գրողն արդեն 6 տարի է չի կարողանում միջազգային գրական միջոցառումների այցելել, ուր նրան հրավիրում են: Նրան նաեւ արգելված է բուժվելու նպատակով երկրից հեռանալ:

2,5 տարի առաջ նրա դեմ սկսված քրեական գործն այն մասին, որ նա, իբրեւ թե, Բաքվի օդանավակայանում ծեծել է սահմանային ծառայության աշխատակցին, դեռ չի ավարտվել:

Աքրամ Այլիսլլի դեմ հետապնդումները նոր չեն եւ սկսվել են «Քարե երազներ» վեպի հրատարակությունից հետո, որում հեղինակը համարձակվել է դրական արտահայտվել հայերի մասին: «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում ստեղծագործության հրապարակումից հետո Այլիսլիին սկեցին հետապնդել, նրան զրկեցին կոչումներից եւ անգամ սպառնում էին «ականջները կտրել»: